Մամուլի այն հրապարակումները, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, պատրաստվում է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին եւ գլխավորել ԲՀԿ ցուցակը ավագանու ընտրություններում, չի համապատասխանում իրականությանը:

«Ես ԲՀԿ ցուցակի մասին բնականաբար տեղեկություն չունեմ, բայց Սեդրակ Քոչարյանը չի պատրաստվում մասնակցել ընտրություններին»,- galatv.am-ի հետ զրույցում ասաց Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը՝պատասխանելով մամուլի այն հրապարակումներին, համաձայն որի երեկ՝մարտի 5-ին, ԲՀԿ-ն քննարկել է Երևանի ավագանու ընտրությունների իր համամասնական ցուցակը: Եւ այդ քննարկումները բավական թեժ են եղել, քանի որ առաջարկություն է արվել, որ ցուցակը գլխավորի Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Ըստ մամուլի հրապարակումների՝ կրքերն այնքան են բորբոքվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է հետաձգել նիստը:

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը եւս հերքեց տեղեկությունը՝ասելով, որ ԲՀԿ-ն ավագանու ընտրություններին մասնակցելու քննարկում չի ունեցել ընդհանրապես:

«Քանի որ չի եղել ոչ մի քննարկում, հետեւաբար նման որոշում չունենք եւ հետեւաբար նաեւ որեւէ տեղեկություն այդ մասին չի կարող լինել»,-ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Քրիստինա Մկրտչյան