ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց, որ 2009 թվականի հոկտեմբերից կնքված Ցյուրիխյան արձանագրությունները մինչ օրս չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում, քանի որ Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից և ոգուց:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահի ելույթին ու, մասնավորապես, Ցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Նախագահի դիտարկմանը, նշեց. «2009-ից մինչ մեր օրերը դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ թուրքական պետությունը ապակառուցողական դիրքորոշում է որդեգրել: Այս համատեքստում, արձանագրությունների գոյությունը դանում է անիմաստ: Ես չեմ կարծում, որ այս արձանագրությունների չեղարկումից Հայաստանն ինչ-որ բան է կորցնում»,-ասաց նա՝ հավելելով, որ Թուրքիան այս քայլով ապացուցեց, որ հենց Հայաստանն է, որ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանն ու տարածաշրջանում լարվածության թուլացմանը, որի համար արել է գործուն քայլեր:
Դիտարկմանն՝ ի՞նչ է կորցնում այս արձանագրությունների չեղարկմամբ թուրքական կողմը, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց. «Թուրքական կողմն արդեն իսկ մեծ բան է կորցրել՝ մասնավորապես, խոսքը վերաբերում է այն վստահության կորստին, որը կա միջազգային հանրության մոտ: Աշխարհի գերտերությունները տեսան և համոզվեցին, որ Թուրքիան երկակի խաղ է խաղում: Կարծում եմ՝ շուտով ականատես կլինենք թուրքական ոճին բնորոշ կիսաագրեսիվ հարձակումների՝ այդ թվում և մեդիադաշտի միջոցով»:
Թուրքագետի բնորոշմամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված վերջնաժամկետը՝ այն է՝ 2018-ի գարունը, հենց այն ժամանակն է, երբ արձանագրությունների չեղարկումը կստանա պաշտոնական տեսք. «2018 թվականի գարնանը՝ ապրիլի 24-ի հերթական տարելիցին ընդառաջ, այս արձանագրությունների տրամաբանական ավարտին ականատես կլինենք և նախագահի կողմից «Սին արձանագրություններ»բնորոշումը ստացած Ցյուրիխյան արձանագրությունների հետ կապված՝ կա՛մ կլինի ստորագրության հետկանչ, կա՛մ այդ չեղարկումը կստանա իր իրավաբանական տեսքը»:
Ռուբեն Մելքոնյանը նաև հավելեց, որ թուրքական կողմը նաև կանի ամեն բան այս խնդիրը լայն օրակարգ չմտցնելու համար, թեպետ այն արդեն լայն օրակարգ մտավ ՄԱԿ-ի այդ բարձր ամբիոնից Սերժ Սարգսյանի հայտարարությամբ:
Աղավնի Սուքիասյան