Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկել է Արկադի Անդրիասյանին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Կարգապահական կոմիտեի նիսում որոշվել է. 

«17/09/17թ. «Արարատ»-«Գանձասար-Կապան» (ԲԽ018) խաղին «Արարատ» թիմի ավագ մարզիչ Արկադի Անդրիասյանի (N 1012) հեռացման, ոչ մարզական պահվածքի համար (2-րդ դեպք), ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից զրկել 2 տարի /մինչև 20/09/2019թ./ ժամկետով:

17/09/17թ. «Արարատ»-«Գանձասար-Կապան» (ԲԽ018) խաղն անավարտ մնալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` «Արարատ» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 250000 դրամ»:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 6-րդ տուրում «Արարատ»-ը մրցում էր «Գանձասար-Կապան»-ի հետ: Հանդիպման վերջնամասում խաղի գլխավոր մրցավարը հեռացրեց Արկադի Անդրիասյանին, սակայն վերջինս հրաժարվում էր լքել մարզադաշտը և վիրավորում էր մրցավարին:

Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ: