ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցեց իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
«Եռաբլուր» են այցելել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, օրենսդիր և գործադիր մարմինների այլ ներկայացուցիչներ:
Քաղաքական և հոգևոր առաջնորդները ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, այնուհետ Պատվո պահակախմբի ուղեկցությամբ ՀՀ Նախագահը ծաղկեպսակ դրեց արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: