Քրդստանի ազատության կուսակցության քրդական ջոկատները, որոնք տեղակայված են Քիրկուկում, պատրաստ են պաշտպանել քաղաքն այնտեղ իրաքյան զորքերի ներխուժման դեպքում։ Այս մասին հայտնել է նրանց հրամանատար Հուսեյն Եզդանպանեն Sputnik Turkey-ի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ փեշմերգայի ջոկատները համաձայն չեն Քիրկուկ զորք մտցնելու իրաքյան խորհրդարանի որոշման հետ։ «Եթե իրաքյան բանակը մուտք գործի Քիրկուկ, մենք դրան դիմակայություն կցուցաբերենք»,-ասել է նա։
Եզդանպանեն, ում խորհրդային առաջնորդի հետ արտաքին նմանության համար կոչում են «քուրդ Ստալին», հիշեցրել է, որ ավելի վաղ Քիրկուկը բազմիցս հարձակման է ենթարկվել ԴԱԻՇ-ի գրոհայիննրի կողմից, սակայն նրանց բոլոր փորձերը հետ են մղվել գրոհայինների համար մեծ կորուստներով։
«Պաշտպանելով Քիրկուկը՝ կյանքից զրկվել են փեշմերգայի հարյուրավոր մարտիկներ և քաղաքի խաղաղ բնակիչներ։ Հիմա և՛ փեշմերգան, և՛ խաղաղ բնակչությունը պատրաստ են պաշտպանել քաղաքը մինչև վերջ։ Աշխարհում դեռևս չկա այնպիսի ուժ, որը կկարողանա զավթել Քիրկուկը և խլել այն քրդերից»,-ընդգծել է Եզդանպանեն։