Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ամփոփում է իր ղեկավարած կառույցի գործունեության մեկ տարին: Նախարարի խոսքով՝ այս տարին պաշտպանական կառույցների համար եղել է գերհագեցած, որից ամենածավալունն ու գլխավորն, ըստ նախարարի, «Ազգ-բանակ»-ն էր. «Կարևորագույնը, կարծում եմ, «Ազգ-բանակ» խորհրդաժողով-ցուցահանդեսի անցկացումն էր և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի արդիականացումը»։

 


Վիգեն Սարգսյանի խոսքով՝ այն պայմանները, որոնք ստեղծված են այդ համալիրում, լավագույնն են ու դա արդարացված է այն մարդկանց համար, ովքեր դպրոցական տարիքից որոշել են կյանքը կապել զինվորական ծառայության հետ։
Հարցին՝ այս տարվա բյուջով ՀՀ ՊՆ-ին հատկացված 27 միլիարդ դրամն ինչի համար է ծախսելու նախարարությունը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Հատկացված գումարն առավելագույն չափով ծախսվելու է սպառազինությունների ձեռքբերման համար»:

 


«Զինված ուժերի առաջնային խնդիրն այս տարվա ընթացքում շարունակել է մնալ ԶՈւ մարտունակության բարձրացումը, ինչն ունի մի քանի բաղադրիչ. դրանք են՝ սպառազինության խելամիտ ձեռքբերումներն ու մարտական ծառայության մեջ ներդնելը, կառավարման արդյունավետության հետևողական բարձրացումն ու զորքի մարտունակության հետևողական բարձրացումը»,-ասաց նախարարը: