Սեպտեմբերի 30-ին Սամցխե-Ջավախքի շրջանի Գումբուրդո գյուղում խայտառակ դեպք է տեղի ունեցել Վրաստանի ուժային գերատեսչությունների մասնակցությամբ: Մասնավորապես, Գումբուրդո գյուղում գտնվուղ10-րդ․ դարի եկեղեցու բակում գյուղացիները փորձել են խաչքար տեղադրել, ինչը դուր չի եկել տեղական իշխանություններին.նրանց հրահանգով հատուկ նշանակության զորքերը ժամանել են եկեղեցու տարածք և սկսել ցրել գյուղական վանքի բակում հավաքված գյուղացիներին: 
 
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նախքան միջադեպի մասին խոսելը նախ անդրադարձավ այս եղեղեցու հայկականությանը՝ նշելով, որը 14-րդ դարում այն վերաօծվել է հայ առաքելական եկեղեցու ծիսակարգով. «Եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում և երեք հարյուր տարի անց՝ 14-րդ դարում, եկեղեցին դարձել է առաքելադավան պաշտամունքի կենտրոն, և ասվածի ապացույցը եկեղեցու շուրջ գոյացած գերեզմանոցն է՝ հայկական խաչքարերով, քանի որ առաքելադավան հայոց գերեզմանոց կարող էր գոյանալ միայն առաքելադավան եկեղեցու շուրջ: Այս գերեզմանոցի առկայությունը անվերապահորեն հուշում է, որ արդեն 14-րդ դարում Սբ. Համբարձման եկեղեցին ևս վերաօծված էր հայ առաքելական եկեղեցու ծեսով և ծառայում էր տեղի առաքելադավանությանը վերադարձած հայ ազգաբնակչությանը»,-նշեց հուշարձանագետը:
 
Հուշարձանագետը տրամաբանական է համարում գյուղացիների ընդվզումը, քանի որ նրանց արգելել են վերաթաղել իրենց նախնիների ոսկորները. «Գյուղացիների ընդվզումը շատ տրամաբանական է, բա ի՞նչ անեին, իրենց նախնիների ոսկորները լցրել են պարկի մեջ և արգելել դրանք վերաթաղել առաքելադավան եկեղեցու բակում և խաչքար տեղադրել: Ի՞նչ անեին, որ չընդվզեին»,-ասաց Սամվել Կարապետյանը: 
 
Դիտարկմանը՝ մինչ այս պահը վրացական պաշտոնական գերատեսչությունների կողմից պաշտոնական արձագանքի բացակայությունը փաստո՞ւմ է արդյոք, որ վրացական կողմը կա՛մ խնդրի առկայությունն արհամարհում է, կա՛մ ասելու բան չունի, Կարապետյանը պատասխանեց. «Այո՛, երկու հանգամանքն էլ կա. կամ արհամարհում են, կամ՝ պարզապես ասելու բան չունեն»:
 
Հարցին՝ այս միջադեպը կարո՞ղ է բացասական ազդեցություն թողնել միջպետական հարաբերությունների վրա, վերջինս պատասխանեց. «Եթե երկու պետությունները կարողանան փաստերը չթաքցնել և անկեղծ խոսել, որևէ խնդիր չի առաջանա: Պարզապես, մենք այստեղ մեր պատիվը պետք է պահպանենք, մեր պատվի հարցն է դրված: Պետք է փաստերը չկոծկել և բացեիբաց խոսել դրանց մասին, մինչդեռ հայկական կողմն անտեսում է այս հարցը. կարծես թե խնդրի մեջ խորանալու ցանկություն չունի»: 
 
Հավելենք՝ այսօր միջադեպին անդրադարձել է Վրաստանի հայկական համայնքը՝ տարածելով հետևյալ  հայտարարությունը:
 
 
 
 
 
 
 
 
Լուսանկարները՝ Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջից:
 
Աղավնի Սուքիասյան