Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում «Դատախազության մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այնպիսի տպավորություն է, որ դատախազությունը ոչ թե հանցագործությունների բացահայտմանը նպաստող և ղեկավարող մարմին է, այլ հանցագործություն կոծկող:

«Ես ուզում եմ զեկուցողներից խորհուրդ հարցնել, թե ինչպիսի՞ փոփոխություն պետք է առաջարկել էս օրենքում, որ դատախազությունն ի վերջո ՀՀ-ում դադարի հանցագործություններ կոծկել: Ի՞նչ նկատի ունեմ: Անշուշտ, բոլորդ կհիշեք «Զիբիլիկսի» հայտնի գործը, երբ ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչները ՀՀԿ նախընտրական շտաբից դուրս բերված պարկի միջից հայտնաբերել էին փաստաթղթերի փաթեթ, 30 անուն փաստաթուղթ, որոնք վկայում էին ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառքի համակարգված մեխանիզմ ստեղծելու մասին: Քրեական գործ էր հարուցվել Հատուկ քննչական ծառայությունում: Ես հրապարակել էի այդ գլուխգործոց փաստաթուղթը, ըստ որի՝ ոստիկանության Արաբկիրի բաժնից ցուցակ են ուղարկել, թե ՊՊԾ գնդի որ ծառայողը քանի ձայն պետք է ապահովի ՀՀԿ-ի համար: Ոստիկանության բաժնից ֆաքսը դուրս է եկել և գնացել Տարոն Մարգարյանի կամ ՀՀԿ-ի նախընտրական շտաբ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ՀՔԾ-ը գործը կարճել է՝ մեկնաբանելով, թե խոսքն այն մասին է, որ հավաք-միջոցառման դեպքում ՊՊԾ գնդի ծառայողը տագնապի դեպքում քանի մարդու պետք է տեղյակ պահի:

Փաշինյանի խոսքով՝ իրենք բողոքարկել են այդ որոշումը դատախազ Արթուր Դավթյանին, սակայն դատախազությունը բողոքը մերժել է. «Ասացին, որ նախաքննությունը պարզել է, որ դա հավաք-միջոցառման ցուցակն է, ի՞նչ կարիք կա պարզելու: Մենք ուզում էինք հասկանալ այս ցուցակը, որը մեր վարկածով ընտրակաշառքների ցուցակ է, դա ընտրակաշառքների ցուցա՞կ է, զորահավա՞ք, թե՞ դրամահավաք։ Օրը կա, ժամը կա, հեռախոսահմարը կա: Դատախազութոյւնը ոչ մի կերպ չի ուզում պարզի՝ էս ցուցակը որ ֆաքսից՝ որ ֆաքս ա գնացել: Մենք ասում ենք, որ ցուցակը գնացել է ՀՀԿ նախընտրական շտաբ»,- նշեց նա՝ հայտարարելով, որ դատախազությունը փակում է ականջներն ու աչքերը:

Նա հարց բարձրացրեց՝ ի՞նչ փոխենք օրենքի մեջ, որ այսպես չլինի հետագայում: