Քանի որ չի եղել քննարկում ԲՀԿ-ի' Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, հետեւաբար' որեւէ տեղեկատվություն այդ հարցի շոււրջ չի կարող լինել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը' ի պատասխան մեր հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում տեղեկությունները, թե Ռոբերտ Քոչարյանի որդին' Սեդրակ Քոչարյանը, կղեկավարի ԲՀԿ համամասնական ցուցակը:

Որպես ԲՀԿ մամուլի խոսնակ' նա հորդորեց բոլորին սպասել ԲՀԿ որոշմանը: «Ինչպես ամեն անգամ է լինում քաղաքական որեւէ իրադարձությունից առաջ, այս անգամը եւս չընկնել երեւակայության գիրկը եւ անհեթեթությունների վրա փչացնել թանաք մամուլի էջերում: Եթե զինվեք համբերությամբ, կարճ ժամանակ անց տրամաբանական ժամկետի մեջ ամեն ինչ կիմանաք»,- նշեց մամուլի խոսնակը' չհայտնելով, թե ԲՀԿ որոշումը երբ կլինի:

Նշենք, որ տեւական ժամանակ է' լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, թե ԲՀԿ համամասանական ցուցակը կղեկավարի Սեդրակ Քոչարյանը, ինչը բուռն քննարկումների պատճառ է դարձել ԲՀԿ-ում: