Նոյեմբերի 5-ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ:
ՏԻՄ ընտրություն անցկացվելու է նաեւ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, որի ժամանակ քաղաքապետ են ընտրելու: Արդեն հայտնի է, որ առաջադրվող թեկնածուներն են Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Սասուն Խեչումյանը և անկուսակցակցական Նիկոլայ Գագիկի Դավթյանը:
Սակայն, հետաքրքիրն այն է, որ քաղաքապետի ընտրություններում չի առաջադրվել ներկայիս քաղաքապետը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը պատճառների մասին փորձեց հետաքրքրվել հենց գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանից:
Մեզ հետ զրույցում քաղաքապետն ասաց, որ ինքը ՀՀԿ-ական է և քաղաքապետի թեկնածուի հետ որևէ կոնֆլիկտ չունի.
«Ես ՀՀԿ-ի թիմի անդամ եմ: ՀՀԿ-ն իր այդ որոշումը համաձայնեցրել է ինձ հետ և ես սատարում եմ ՀՀԿ-ի թեկնածուին: Ես իմ թեկնածությունը չեմ առաջադրել, որովհետև անցնելու եմ այլ աշխատանքի: Ինչ է ես իրավունք չունե՞մ այլ աշխատանքի անցնելու»,- նշեց Փարեմուզյանը:
Նշենք, որ նոյեմբերի 5-ին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ՏԻՄ ընտրություններ, որի արդյունքում կստեղծվեն 52 խոշորացված համայնքներ: Այս տարի համայնքերի խոշորացում կիրականացվի նաև Լոռու մարզում: Տաշիրի, Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջանի թվով 61 համայնքներ կմիավորվեն և կստեղծվի 10-ը խոշորացված համայնք՝ Ալավերդի, Ախթալա, Ստեփանավան, Գյուլագարակ, Տաշիր, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, Սարչապետ եւ Օձուն: