Նախկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն ասաց, որ հարցը ուղղեն ավելի «փոքր» մարդկանց։ Հարց է առաջանում ինչպիսի բաժանում է արված ՀՀԿ-ում «փոքր»  և «մեծ»  մարդկանց միջև, ի՞նչ չափորոշիչներով են որակվում մարդիկ իշխող կուսակցությունում։

Եթե քաղաքական առումով դիտարկենք, ապա ավտորիտար քաղաքական ուժի քաղաքական չափորոշիչները սահմանվում են տվյալ կուսակցության կամ դաշինքի ղեկավարի կողմից` ելնելով քաղաքական գործընթացներում գործիչների ցուցաբերած ակտիվությունից և արդյունավետությունից։ «Քաղաքական գործընթաց»  եզրույթը  գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ում սկսվում և վերջանում է ընտրություններով։ Իսկ ընտրություններում հատկապես ՀՀԿ-ի  ցածր օղակները հայտնի է, թե ինչպես են աչքի ընկնում և իրենց արդյունավետությունը ցույց տալիս վերնախավին։ Եթե հաշվի առնենք, որ ինչպես աշխարհի բոլոր երկրներում կուսակցությունների հավակնությունները ընտրություններում մեծապես կախված է ֆինանսական ռեսուրսից, իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունում առավել քան, որևէ երկրի իշխող ուժում, ապա Հանրապետականում չի բացառվում, որ «մեծերն ու փոքրերը» հենց այդ ռեսուրսի արդյունքում են ձևավորվում։ Չմոռանանք նաև, որ ՀՀԿ-ում քիչ թե շատ դերակատարություն ունեցող անձինք, գրեթե բոլորը հայտնի, նախկին ու ներկա գործարարներ են։ Ամեն դեպքում, թե քաղաքականապես, թե բարոյապես կոռեկտ չէ մարդկանց այդպես բնորոշել։

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրյանը բացասական է որակել Գալուստ Սահակյանի որակումները, սակայն ամեն դեպքում, նման իրավիճակում քննադատել ԱԺ նախկին նախագահին արդարացի չէ, քանի որ Գալուստ Սահակյանի խոսքերը լավագույն արտացոլանքն են այն մթնոլորտի, որը տիրում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունում։

Վաչիկ Գրիգորյան