Ներքաղաքական ինտրիգներին կարոտ հայկական մամուլն անցած շաբաթ ողողվեց Ազգային ժողովում տեղի ունեցած Փաշինյան-Գեղամյան սկանդալով։ Այդ միջադեպն այս տարիների ընթացքում ձևավորված և Հանրապետականի ազդեցության ոլորտների մեծացմանը համընթաց ամրապնդվող ներքաղաքական մշակույթի արդյունքն էր։ Երկար տարիներ խորհրդարանում գոնե ծեծկռտուք չէր եղել, և այս միջաադեպը սպանեց բոլոր այն հույսերը, որ մի օր ամեն բան լավ կլինի։
Խնդրին միայն խորհրդարանական կամ պատգամավորական պատշաճ էթիկայի տեսանկյունից նայելու դեպքում, ակնհայտ է, որ այս միջադեպը խայտառակություն է, որի մեղավորը հայտնի է՝ Հանրապետական կուսակցությունում տիրող ավելի շատ փողոցային բարքեր հիշեցնող մթնոլորտն է։ Իհարկե, չի կարելի քաղաքական մշակույթի աղետալի վիճակի մեղքն ամբողջությամբ բարդել ՀՀԿ-ի վրա, քանի որ այդտեղ շատ լուրջ դերակատարություն ունեն ընդդիմադիրները։ Եթե գլոբալ առումով դիտարկենք, ապա ընդդիմությունը քաղաքական մշակույթի կարևորագույն բաղադրիչն է, իսկ եթե լոկալ՝ ապա մեր ընդդիմադիրները նույնիսկ պատգամավորին համապատասխան համբավ ու դիրք չունեն, եթե բանը հասնում է նրան, որ նրանց ինչ-որ բան հասկացնելու միակ տարբերակը մնում է ծեծելը։ Ինչևէ, ժողովրդի մեծամասնության վստահությունը վաստակել է հենց Հանրապետկան կուսակցությունը, և այս հանգամանքը պետք է ստիպի իշխանություններին՝ իրենց ներկուսակցական գռեհիկ պահվածքն ու բառապաշարը չտարածել ամբողջ պետական ապարատի վրա։
Նորից չէինք անդրադառնա այս խնդրին, եթե նմանատիպ միջադեպ այսօր էլ տեղի ունեցած չլիներ։ Հանրապետական քաղաքական գործիչները, հայտնի սկանդալը չմարսած՝ այսօր էլ իրենց բառապաշարն են ցույց տվել Երևանի ավագանու նիստում, մասնավորապես, փոխքաղաքապետ Կամո Արեյանը «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրայնի ելույթի ժամանակ, հաշվի չառնելով գոնե նրա՝ կին լինելու հանգամանքը, վիրավորել է նրան, ասելով. «Տո՛, վե՛ր ընկի տեղդ, ա՛յ տավար»։ Ավագանու անդամի հասցեին նման կերպ արտահայտվող ՀՀԿ-ականները ժողովրդի հասցեին ինչպե՞ս կխոսեն։ Եթե անգամ չեն հարգում Մարինա Խաչատրյանի կարգավիճակը, զբաղեցրած պաշտոնն ու կին լինելու հանգամանքը, պետք է գոնե հարգեն քաղաքացիների ընտրությունը։
Այսօրվա միջադեպը ապացույցն է այն բանի, որ ՀՀԿ-ն շարունակելու է նույն կեցվածքով հանդես գալ և կուսակցության ղեկավարությունն ամբողջությամբ խրախուսում է կուսակիցների փողոցային պահվածքն ու բառապաշարը, այլապես՝ մեկ շաբաթ չանցած՝ ևս մեկ խայտառակ իրադարձության ականատես չէինք լինի։ Իսկ ընդդիմադիրները կարծես կանգնած են պատվախնդրության լուրջ խնդրի առաջ։ Սեփական ինքնասիրությունը պաշտպանելու անկարող ընդդիմադիրներն ինչպես ե՞ն պատրաստվում ժողովրդի իրավունքներն ու շահերը պաշտպանել։
Վաչիկ Գրիգորյան