Հայաստանն ու ԱՄՆ-ն նշում են երկկողմ հարաբերություններում կարեւոր դերակատարում ունեցող՝ ՀՀ-ի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջեւ համագործակցության 25-ամյակը: Միջոցառմանը ներկա էին քաղաքական, դիվանագիտական, հասարակական ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:
 
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով նույնպես ներկա էր 25-ամյակի արարողությանը, իր ելույթում նշեց, որ այս 25 տարիների ընթացքում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը մեծ օգնություն է ցուցաբերել Հայաստանին՝ օգնելով շուկայական տնտեսության ժողովրդավարության կայացման համար:
 
«Դրանք նաեւ նախագծեր էին՝ ուղղված երկրաշարժի հետեւանքների վերացմանն ու մարդասիրական էին իրենց բնույթով։ 90-ակաների վերջին մենք զարկ տվեցինք համագործակցության նոր ձևաչափի։ Շեշտադրումները դրեցինք շուկայական տնտեսության, մասնավոր հատվածի ամրապնդման, մակրոտնտեսական բարեփոխումների վրա՝ խթանելով ներդրումային միջավայրը և հիմքեր դնելով կայուն զարգացման համար», - ասաց վարչապետը։
 
Կարեն Կարապետյանը նշեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդիսանում է Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը, եւ կա էլ ավելի մեծ ներուժ համագործակցությունը զարգացնելու համար:
 
«Այս պահին ամերիկացի գործընկերների հետ համատեղ աշխատանք է տարվում տնտեսական աճի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ինչպես նաեւ սոցիալական և կրթական ուղղվածություն ունեցող բազմաթիվ ծրագրերի ուղղությամբ: Մենք նախաձեռնել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում՝ ապահովելու կայուն երկարաժամկետ աճ երկրի համար եւ Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար։ Մեզ անհրաժեշտ է արդյունաբերական կրկնակի բարձրացում բոլոր ոլորտներում, ինչպես նաեւ մտածելակերպի և գործելակերպի փոփոխություն», - եզրափակեց Կարեն Կարապետյանը:
 
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էլ նշեց, որ Հայաստանում գրանցված առաջընթացը տեղի ունեցավ, քանի որ ԱՄՆ ՄԶԳ-ն իր տրամադրած օժանդակությամբ աշխատեց բազմաթիվ հայաստանցի գործընկերների հետ կողք-կողքի:
 
«25 տարի առաջ Հայաստան ժամանեցին ԱՄՆ ՄԶԳ առաջին աշխատակիցները՝ Հայաստանի ժողովրդի հետ համագործակցության երկարաժամկետ նպատակով՝ ինքնիշխան և անկախ պետություն ստեղծելու նրա ճանապարհին: Որպես պետդեպարտամենտում Հայաստանի գործերով առաջին պատասխանատու, Վաշինգտոնում առաջին դիվանագետ, ով օրեցօր կենտրոնացած էր նորանկախ ՀՀ հարցերի շուրջ, ես կարող էի տեսնել, առնվազն հեռվից, թե որքան դժվարին էին այն մութ տարիները, երբ ժամանեցին ԱՄՆ ՄԶԳ առաջին աշխատակիցները։ Դա նաեւ նշանակում է, որ ես կարող եմ տեսնել Հայաստանն այնպես, ինչպես միայն քաջատեղյակ օտարերկրացին կարող է՝ տեսնելով Հայաստանի առաջընթացը տնտեսության, ժողովրդավարության, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ», - ընդգծեց ԱՄՆ դեսպանը:
 
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ով շնորհակալություն հայտնեց գործակալության նախկին եւ այժմյան գործընկերներին արդյունավետ աշխատանքի համար։
 
«Հայաստանի պետական եւ մասնավոր հաստատությունների զարգացմանը զուգահեռ զարգացել է նաեւ ԱՄՆ ՄԶԳ-Հայաստան գործընկերությունը։ ԱՄՆ ՄԶԳ ծրագրերն այժմ լայնորեն իրականացվում են տեղական կազմակերպությունների միջոցով եւ սատարում են հայկական կողմի նախաձեռնությունները», - ասաց նա։
 
1992 թվականին Երեւանում գրասենյակի բացումից հետո ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանի ժողովրդին տրամադրել է 1 մլրդ դոլարի օժանդակություն՝ Հայաստանի տնտեսության եւ հասարակության գրեթե բոլոր ոլորտնեևւն առնչվող ծրագրերի միջոցով: