«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Հետաքրքիր մանրամասներ են armtimes.com-ին հայտնի դարձել Վրաստանում Սերգեյ Մինասյանի դեսպան նշանակվել-չնշանակվելու հարցի վերաբերյալ:
Ըստ այդ տեղեկությունների՝ Սերգեյ Մինասյանին ագրեման չտալու հարցում վրացիների հիմնական փաստարկն այն է, որ հայկական մամուլում շատ վաղ սկսեցին տեղեկություններ շրջանառվել Սերգեյ Մինասյանի համար ագրեման հայցելու մասին:
Այստեղ ուշագրավ հարցն այն է, թե ով էր այդ տեղեկությունները «մամուլի բերան» գցողը: Մեզ հայտնի դարձավ, որ այս հարցում բոլորը հիմնականում կասկածում են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանին: Որովհետեւ հենց Հերմինե Նաղդալյանի անունն էր այս գարնանը շրջանառվում որպես Վրաստանում Յուրի Վարդանյանին փոխարինողի հիմնական թեկնածու: Խնդրի մասին պարզաբանում ստանալու համար, ցավոք, մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել Հերմինե Նաղդալյանի հետ՝ նրա հեռախոսահամարներն անհասանելի էին, նա ԱԺ-ում չէր:
Ամեն դեպքում՝ այդ տեղեկությունը մամուլին հայտնի դարձնողը հստակ հասկացել է, որ վրացական կողմին դուր չի գա, որ սովորաբար գաղտնի պահվող ագրեմանի տրամադրման գործընթացը հայկական մամուլով կհրապարակայնացվի, ու արձագանքը կլինի սուր: Սկզբում կարծում էինք, որ միգուցե նաեւ ԱԳՆ-ից լիներ Սերգեյ Մինասյանի ագրեմանին սպասելու տեղեկատվության արտահոսքը՝ վրացական կողմի վրա լրացուցիչ ճնշումներ բանեցնելու ակնկալիքով, բայց մեզ հայտնի դարձավ նաեւ, որ պաշտոնական շրջանակներում վստահ են՝ տեղեկատվության արտահոսքը ԱԳՆ-ից չի եղել, այլ այս հարցում որոշակի շահագրգռություններ ունեցող քաղաքական ու Վրաստանում հետաքրքրություններ ունեցող բիզնես շրջանակներից:
Ու քանի որ այս հարցում ամենաշահագրգռված անձանցից առաջինը հենց Հերմինե Նաղդալյանն էր, նրա վրա էլ ընկել են հիմնական կասկածները:
Բացի Նաղդալյանից՝ Սերգեյ Մինասյանին դեսպան նշանակելու մտադրությունը, ըստ մեր հավաստի աղբյուրների, դուր չի եկել նաեւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանին:
Ուշագրավ է, որ ադրբեջանական մամուլը սկսեց ակտիվորեն քննարկել Սերգեյ Մինասյանի համար Վրաստանից ագրեման հայցելու մասին տեղեկությունները, եւ հենց ադրբեջանական կողմն էր ակտիվորեն տեղեկություններ տարածում, թե Սերգեյ Մինասյանը պրոռուսական, ազգայնական գործիչ է, սերտ կապեր ունի «Ջավախք» միության հետ եւ այլն: Եվ Վրաստանում գործող ադրբեջանական ազդեցիկ լոբբին հասավ իր այն նպատակին, որ Սերգեյ Մինասյանն ընկալվեր որպես հակավրացական դիրքորոշմամբ գործիչ ու դեսպանի ոչ ցանկալի թեկնածու:
Վրաստանից մեզ հասած տեղեկություններով՝ Յուրի Վարդանյանը մամուլի որոշ հրապարակումներ, որտեղ նշվել է, թե Սերգեյ Մինասյանը պրոռուսական դիրքորոշմամբ փորձագետ է, նացիոնալիստ է, Ջավախքի հարցում հակավրացական կեցվածք ունի, նաեւ ադրբեջանական մամուլում Մինասյանի վերաբերյալ հոդվածներ ցույց է տվել վրացի գործընկերներին՝ հասարակական-քաղաքական, դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներին՝ ջանալով «բացահայտել», թե ով է Սերգեյ Մինասյանը:
Վրաստանում հանրության շրջանում Հայաստանի վերաբերյալ քաղաքական ու դիվանագիտական հարցերի քննարկումներն արդեն ստացել են «Սոկարցվելո» ծաղրական անունը՝ նկատի ունենալով, որ ադրբեջանական լոբբին՝ նաեւ ի դեմս Ադրբեջանի պետական նավթագազային ընկերության` SOCAR-ի, ակտիվ ազդում է Վրաստան-Հայաստան հարաբերությունների ու հարավային ուղղությամբ պաշտոնական Թբիլիսիի վարած քաղաքականության վրա: Իսկ Սերգեյ Մինասյանն ադրբեջանցիների համար անցանկալի դեսպան կլիներ Վրաստանում:
Այս տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք Սերգեյ Մինասյանին, որը կատեգորիկ հրաժարվեց իր՝ դեսպան նշանակվելու վերաբերյալ որեւէ հարցի պատասխանելուց ու մեկնաբանելուց: Իսկ Հայաստանի ԱԳՆ-ն դեսպանների, դեսպանի թեկնածուների համար ագրեման հայցելու ու դիվանագիտական նման հարցերում, Սերգեյ Մինասյանի ագրեմանի դեպքում՝ առավել եւս, խիստ լռություն ու գաղտնիություն է պահպանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում