Կաշառք պահանջելու և ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը և այլ անձինք կալանավորվեռլ են:

Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը. «Գևորգ Մկրտչյանին մեղադրանք է աաջադրվել և որպես խափանման միջոց է ընտրվել  կալանավորումը: Այլ ղեկավար պաշտոնատար անձինք ևս կալանավորվել են»:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ  բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների բազմաթիվ դրվագներ:

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով   ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանը, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանն ու Էդվարդ Քառյանը, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, նախնական համաձայնությամբ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:

Այսպիսով, կաշառք պահանջելու և ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել էր ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 5 ղեկավար պաշտոնատար անձինք և նրանց կաշառք տալուն օժանդակած անձը:

Սոնա Հարությունյան