Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան այցելած Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Իրակլի Լեկվինադզեյի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով և շնորհակալություն հայտնելով տոնին մասնակցելու հրավերն ընդունելու համար, քաղաքապետը հույս է հայտնել, որ բարեկամ Վրաստանի մայրաքաղաքից ժամանած հյուրերն այս օրերին հնարավորություն կունենան լիարժեք վայելել Երևանի ջերմությունն ու տոնական տրամադրությունը: Անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև առկա համագործակցությանը,  քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Թբիլիսիի հետ համագործակցության խորացումը:

«Ես վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ակտիվացել կապերն ու փոխշահավետ ծրագրեր իրականացել՝ ի շահ երկու մայրաքաղաքների բնակիչների», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Իրակլի Լեկվինադզեն նախ քաղաքապետ Տարոն Մարգարյանին է փոխանցել «Էրեբունի-Երևան» տոնակատարության առթիվ Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի  շնորհավորանքն ու ջերմ ողջույնները: Այնուհետ, անդրադառնալով երկու մայրաքաղաքների գործընկերային հարաբերություններին, Թբիլիսիի փոխքաղաքապետն իր հերթին ընդգծել է, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունն արդեն իսկ պարարտ հող է  Երևանի և Թբիլիսիի համագործակցության առավել սերտացման ու ընդլայնման համար:

«Պարոն քաղաքապետ, Երևանը մեզ համար ոչ միայն վստահելի գործընկեր է, այլ նաև շատ թանկ բարեկամ: Մեզ համար, շատ հաճելի է գտնվել Երևանում և Ձեզ հետ միասին տոնել մշակութային հարուստ ավանդույթներ և 2799 տարվա պատմություն ունեցող քաղաքի տոնը: Երևանի տոնական տեսքն ու մթնոլորտն իսկապես հիացնող է և մենք կփորձենք լինել հիմնական բոլոր հարթակներում և երևանցիների հետ հավասար վայելել քաղաքի տոնը»,-նշել է Թբիլիսիի փոխքաղաքապետը:

Իր ջերմ ողջույնները փոխանցելով Թբիլիսիի գործընկերոջը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Թբիլիսիի պատվիրակությանը նաև հրավիրել է նաև հաջորդ տարի այցելել Երևան՝ մասնակցելու Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառումներին: