Արթիկի կենտրոնում գտնվող 4-րդ դպրոցի շենքը, որի շուրջ բավական մեծ աղմուկ բարձրացավ ամիսներ առաջ, քանի որ քաղաքային իշխանություններն այն խոստացել էին շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին՝ այնտեղ «Սաստեքս» տեքստիլ արդյունաբերության ֆաբրիկա հիմնելու, այժմ էլ նոր գործարարների են ցուցադրում։ Դպրոցի փոխտնօրենը լրագրողներին ասել է, որ երկու օրը մեկ ցանկացած պահի մի խումբ «ջիփավոր տղամարդիկ» ներխուժում են դպրոց, առանց թույլտվության ներս մտնում, ուսումնասիրություններ կատարում տարածքում, դասի ժամերին ուսուցիչներին առանց հաշվի առնելու մտնում են դասասենյակներ, երեխաներին կանգնեցնում, «Հայր մերն» են կարդալ տալիս ու հեռանում։
Արթիկի քաղաքապետը սխալ տեղեկատվություն է ներկայացրել պատկան մարմիններին, թե դպրոցը թերբեռնված է, այստեղ աշակերտների թիվը 140 է, մինչդեռ ամենուր ներկայացնում են, թե 90 է։ Իսկ թե ուսուցիչները, այսքան աշակերտները ո՞ւր են գնալու, ոչ մեկը տեղյակ չէ։ Դպրոցը Արթիկի կենտրոնում է, թաղային դպրոց է, իսկ Վարագյանը ժամանակին ձեռնամուխ չի եղել քաղաքային տրանսպորտի աշխատանքները համակարգելով՝ քաղաքում չկա տրանսպորտ, այդքան աշակերտները ոտքով ո՞ւր պիտի գնան դասի, կարծես դա էլ քաղաքապետին առանձնապես չի հուզում։ Ի՞նչու ստիպել որ հիմնական դպրոցի երեխաները կիլոմետրեր կտրեն, գնան ուրիշ դպրոց, երբ Արթիկում կան ուրիշ, շատ ավելի հարմարավետ տարածքներ գործարան հիմնելու համար: Ի դեպ, սրտացավություն պետք է որ լիներ, քանի որ Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը եղել է հենց այս դպրոցի շրջանավարտը, նախքան քաղաքապետ ընտրվելն էլ՝ քարոզարշավի ժամանակ վերջինս խոստացել է վերանորոգել դպրոցը, մարզադահլիճը կարգի բերել, լաբորատորիաները զինել, սակայն քաղաքապետ դառնալուց հետո ոչինչ էլ չի արել։ Ոչինչ՝ դպրոցի համար, իսկ ահա սփյուռքահայ գործարարի ախորժակը բավարարելու համար Վարագյանը ոչնչի առջև կանգ առնել չի պատրաստվում: Սփյուռքահայ գործարար Վարդան Սրմաքեշի մտքով էլ չէր անցնի տեքստիլ արտադրության համար Շվեյցարիայում դպրոցի շենքը հավանել ու սեփականաշնորհել, իսկ իր հայրենիքում ինչո՞ւ է ոտնահարում Արթիկում ապրող երեխաների և մանկավարժների իրավունքները:Սրմաքեշը ցանկանում է հաստատե՞լ հայաստանցիներիս մեջ ձևավորվող այն տեսակետը, որ որոշ սփյուռքահայ գործարարներ իրենց բիզնեսները հիմնում են Հայաստանում հենց այն պատճառով, որ այստեղ հիմնականում կարևորվում է բիզնեսմեն-պետական պաշտոնյա շահը, իսկ բնակիչների բերանն էլ փակում են աշխատատեղով ու չնչին աշխատավարձերով, բիզնեսմենի շահույթն էլ ձեռնտու է թե՛ իրեն, թե՛ պետական պաշտոնյային:
Ստելլա Խաչատրյան