Այս օրերին քաղաքական դաշտում լուրջ քննարկումների տեղիք է տվել նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի կալանավորումը: Որքան էլ որ անհասկանալի լինի, սակայն պարզ է, որ առանց հիմնավոր պատճառների՝ ԱԱԾ-ն նման քայլի չէր գնա: Ինչպես հասարակությանն է հայտնի' Վարդան Սեդրակյանի հանդեպ կասկածանքները ի հայտ եկան այն ժամանակ, երբ ձերբակալվեցին Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ հավանական կատարողները և պարզվեց, որ այդ մարդիկ, ինչ որ ժամանակ աշխատել են էպոսագետ թեկնածուի մոտ: Հետաքրքիրն այն է, որ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձից հետո, երբ նրան հիվանդանոց այցելության էին գնում ամենատարբեր քաղաքական գործիչներ և նախագահի թեկնածուներ, բոլորին թողեցին մտնել ներս և զրուցել Հայրիկյանի հետ, սակայն չգիտես ինչու Վարդան Սեդրակյանին ոչ մի կերպ չհաջողվեց ներս մտնել: Պետք է նշենք, որ Վարդան Սեդրակյանին այդ ժամանակ ներս չթողեցին ոստիկանության աշխատակիցները: Եվ հիմա հարց է առաջանում՝ հնարավո՞ր է, որ մահափորձից ամիջապես հետո հայտնի է եղել, որ գործի հետ առնչություն ունի էպոսագետ նախագահի նախկին թեկնածուն, սակայն այն չի հրապարակվել գործին չխանգարելու համար:Ներկայացնում ենք Ձեզ երկու տեսանյութ, որոնցում կարող եք տեսնել, թե ինչպես չթողեցին Վարդան Սեդրակյանին, և ինչպես են ազատ մուտք գործում նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: