ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն, ամփոփելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության մեկ տարին, նշեց, որ այս մեկ տարվա ընթացքում, խոշոր հաշվով, Կարեն Կարապետյանին հաջողվեց ինչ-որ չափով փոխել կառավարման համակարգը, իսկ նրա մարզային այցերը պարզապես ցույց տվեցին, որ մենք շատ հաճախ գործ ենք ունենում տարբեր քաղաքակրթությունների հետ. «Վարչապետի և Կառավարության «աքիլլեսյան գարշապարը» ներդրումների թեման է և այստեղ պետք է նշեմ, որ կան ոլորտներ, որտեղ Կարապետյանին հաջողվեց բերել և՛ ներդրումներ, և՛ իրականացնել բարեփոխումներ: Թեև մեր վարչապետներից որևէ մեկին չէր հաջողվում տարիներ շարունակ օպտիմալացնել պետական ուռճացված ապարատը, բայց արի ու տես, որ Կարապետյանը նաև կարողացավ այստեղ որոշակի աճ արձանագրել. նա շատ արագ կարողացավ մաքրել պետական համակարգը, ազատվեց անգամ երկար ժամանակ աներեր իրենց տեղում կանգնած օդիոզ ֆիգուրներից»,-ասաց նա

Դիտարկմանն՝ արդյո՞ք օդիոզ դեմքերից այդպես արագ ազատվելն ապացույցն է այն բանի, որ ի սկզբանե նրան տրված էր գործելու ազատություն, քաղտեխնոլոգը նշեց. «Այո՛, նա ի սկզբանե ուներ մեծ ազատություն կադրային հարցերում, և ոչ միայն: Տարվող քաղաքկանության հարցերում նա նույնպես ազատ է, և շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ Կարապետյանի և նրա ղեկավարած կառավարության շահերը չեն համընկնում շատ ՀՀԿ-ականների շահերի հետ»: 

Քաղտեխնոլոգն անհիմն որակեց քաղաքական դաշտում հաճախակի շահարկվող թեզն, ըստ որի, վարչապետ Կարապետյանի և նախագահ Սարգսյանի միջև առկա է բուռն մրցակցություն, նշելով, որ նման մրցակցության առկայության դեպքում Սերժ Սարգսյանը շատ արագ կարող էր ազատվել նրանից.«Մենք տեսել ենք, թե ինչպես է Սերժ Սարգսյանն ազատվում իրեն ոչ ձեռնտու վարչապետերից»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այս գործիչներից յուրաքանչյուրն իրեն վստահված բլոկում էլ կշարունակի աշխատել: 

Իսկ անդրադառնալով վարչապետի վարկանիշի անկման մասին լուրերին՝ Հակոբյանը հավելեց, որ սովորաբար աշխարհի բոլոր երկրներում վարչապետի պաշտոնն այն պաշտոնն է, որը միշտ զոհաբերում են, երբ ցանկանում են բարեփոխումներ կամ ռեսթարթ անել, իսկ վարկանիշն անկում չի ապրել և այստեղ մեծ դերակատարում ունի այն հանգամանքը, որ հասարակությունը նրան այլընտրանք դեռ չի տեսնում: 

Աղավնի Սուքիասյան