«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ լիբանանահայ կինոռեժիսոր Նիկոլ Բեզջյանի «Լույսի տաճար» ֆիլմի ցուցադրությունը:
- Մեծ պատիվ է Նիկոլ Բեզջյանի ներկայությունն ու նրա ֆիլմի ցուցադրությունը մեզ մոտ: Ֆիլմը պատմում է Կիպրոսի հայտնի Մելքոնյան կրթական հաստատության մասին, որը, լինելով լավագույն կրթական հաստատություններից մեկը, արդեն տևական ժամանակ է, ինչ չի գործում: Կիպրոսի Նիկոսիա քաղաքում տեղակայված Մելքոնյան կրթական հաստատությունը, որը 80 տարվա ընթացքում կրթություն և խնամք է տվել կարիքավոր հայ երիտասարդներին, փակվել է առանց հետագայում վերաբացվելու որևէ հեռանկարի: Առաջին հերթին այն որբերի դպրոց է եղել:
Երբ ես փոքր էի, ու Բեյրութում պատերազմ սկսվեց, մենք ընտանիքով տեղափոխվեցինք Կիպրոս, և ես մի քանի ամիս սովորեցի այդ դպրոցում: Այդտեղ աշխարհի ամեն կողմից երեխաներ էին գալիս ուսանելու և ապրելու: Իմ համար շատ հոգեհարազատ է այդ դպրոցը, քանի որ ես շատ հուշեր ունեմ նրա հետ կապված:
Նախկին ուսանողների տվյալների, արխիվային նյութերի և բանաստեղծական պատկերների միջոցով այս վավերագրական ֆիլմն առաջ է քաշում սփյուռքում հայկական կրթօջախների հիմնական խնդիրները:
Հաստատությունը հիմնադրվել է բարերար Մելքոնյան եղբայրների կողմից՝ նպատակ ունենալով հայոց ցեղասպանության ընթացքում որբացած հայերին օգնել մտնել կյանքի նոր փուլ: Սակայն մեկ դար անց առաջացած որոշ խնդիրներն իրենց հետևանքն են թողել Մելքոնյան կրթական հաստատության պատմության մեջ՝ սառեցնելով նրա գործունեությունը: Այս որոշումն ինձ համար սարսափելի որոշում է...,- իր խոսքում նշեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:
«Լույսի տաճար» ֆիլմը, ըստ էության, շեշտադրում է շատ ուշագրավ և մեր օրերի համար խիստ կարևոր հարցադրում՝ հայկական կրթօջախների խնդիրը սփյուռքում, որոնք, ցավոք, հետզհետե պակասում են:
Երեկոյին ներկա էին նաև նախկին մելքոնյանականներ Գևորգ Գալայճեանը և Թոմաս Մազեջյանը, ովքեր հուզմունքով հիշեցին իրենց դպրոցական տարիներն ու պատմեցին, թե ինչքան կարևոր է աշխարհով մեկ սփռված հայերի համար Մելքոնյան կրթական հաստատության նշանակությունն ու ծավալած գործունեությունը: Գևորգ Գալայճեանն ու Թոմաս Մազեջյանը պատրաստակամություն հայտնեցին նաև իրենց ուժերի սահմանում ամեն ինչ անել, որպեսզի դպրոցը նորից գործի, չնայած այս տարիների ընթացքում շատ տարբերակներով են փորձել վերաբացել կրթական հաստատությունը, բայց ապարդյուն:
-Մելքոնյանը ոչ միայն կրթական, այլև կյանքի դպրոց էր: Ես ամեն ինչով պարտական եմ Մելքոնյանին: Հիշում եմ, երբ բուլղարահայերը եկան դպրոց, չգիտեին հայերեն ոչ մի բառ, և 4 տարի անց իմ դասընկեր Արամը, ով բուլղարահայ էր, հայերենով հայոց պատմության թեզ գրեց և պաշտպանեց: Սա խոսում է հային հայ պահելու գործում Մելքոնյանի հսկայական ավանդի մասին: Դժվար է մտածել, որ այն չի գործում, բայց ես դեռ հույսեր ունեմ, որ որևէ բան կստացվի,- իր խոսքում ընդգծեց Մելքոնյան կրթական հաստատության նախկին ուսանող Թոմաս Մազեջյանը:
Ֆիլմի ցուցադրությունից հետո ներկաների հարցերին և վրդովված արձագանքներին պատասխանեց ֆիլմի ռեժիսոր Նիկոլ Բեզջյանը, ով Վենետիկի «Ոսկե առյուծ 2015» բիենալեի հաղթող է: Նա ծնվել է Հալեպում, սակայն ապրել և ստեղծագործել է տարբեր երկրներում:
Նիկոլ Բեզջյանը բազմաթիվ ֆիլմերի հեղինակ և միջազգային անվանի կինոփառատոների մրցանակակիր է:
Ֆիլմի գործադիր պրոդյուսերն Արմեն Ուրնեշլյանն է, ով նույնպես Մելքոնյան դպրոցի սան է եղել, մելքոնյանական շարժման մեջ է. նա այժմ Բեյրութում դպրոցի տնօրեն է:
Ռեժիսոր` Նիկոլ Բեզջյան
Գրող` Նիկոլ Բեզջյան
Պրոդյուսեր` Նիկոլ Բեզջյան
Կինեմատոգրաֆիա` Էլի Պարթամյան
Խմբագրում` Շանտալ Պարտամյան
Հնչյունային ձևավորում՝ Վիկտոր Բրեսս
Ձայն՝ Ալին Նագգաշյան
Երաժշտության ձայնագրություն՝ Ջո Բարուջյան, Սեդո Բաղդասարյան
Դաշնամուրային իմպրովիզացիա` Ջո Բարուջյան