Առավոտ թերթն այսօր անդրադարձել էր Երևանի Մալաթիա թաղամասում դեղատների բիզնեսում ծավալվող կատաղի պայքարին: Անդրանիկի փողոցում ընդամենը 150-200 մետրի վրա 12 դեղատուն է գործում: Այստեղ որոշ դեղատների միջև ընկած տարածությունը հազիվ 30 կամ 50 մետր է: Եթե համադրենք «Մալաթիա» և «դեղատների բիզնես» հասկացությունները, ապա տեղի ունեցող զարգացումներում միանգամից կուրվագծվի Մալաթիայի «տեր ու տիրակալ» և «Նատալի ֆարմ»-ի սեփականատեր՝ բիզնես չունեցող և բիզնեսով չզբաղվող, խեղճ ու կրակ Սամվել Ալեքսանյանի անձը: Դեղերի ներմուծումն ու «Նատալի ֆարմ» դեղատների ցանցն արդեն լավ արդյունքներ ապահովել է Ալեքսանյանի համար, իսկ տարիներ առաջ նա հասցրել էր գնել «Մալաթիա» հիվանդանոցը:
Ինչպես երևում է՝ օլիգարխը լրջորեն զբաղվում է նաև բուժական ոլորտում իր մենաշնորհն ամրապնդելով: Բայց այսքանով Ալեքսանյանը բուժական բիզնեսի ոլորտում իր գլխավոր խոսքը դեռ չի ասել. նա այժմ ձեռնամուխ է եղել Նոր Նորք վարչական շրջանում՝ նախկին շուկայի տարածքում նոր, գերհզոր բուժկենտրոնի կառուցմանը: Ըստ որոշ լուրերի՝ Ալեքսանյանի բուժկենտրոնում երիկամային փոխպատվաստում և նման կարգի թանկարժեք այլ վիրահատություններ են իրականացվելու: Ի դեպ՝ հիշեցնենք, որ Ալեքսանյանի «Նատալի Ֆարմ» դեղագործական ընկերությանը զրկել էին պետական գնումներին մասնակցելուց, սակայն ինչպես ցույց է տալիս ժամանակը՝ ոլորտում մենաշնորհները չեն վերացել: Սամվել Ալեքսանյանին այն ժամանակ չհաջողվեց կուլ տալ Ալֆա-Ֆարմ ընկերությանը. նրան հասկանալի է դարձել, որ «Ալֆա ֆարմի» դեպքում ինքն անզոր է, քանի որ այդ ընկերության հետ կապ ունի միջազգային հզոր ֆինանսական կառույց: Եվ եթե փորձի ներքին շուկայում իր ճնշումներն ավելացնել, ապա այն կարող է վերածվել միջազգային սկանդալի: Այժմ էլ Ալեքսանյանը որոշել է ռևանշի հասնել՝ պայքարի նոր մեթոդաբանություն որդեգրելով:
Ստելլա Խաչատրյան