Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել էր Վանաձոր։ Մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Վանաձորի ընդհանուր զարգացման հայեցակարգը, որը, քաղաքի իշխանությունների հետ համագործակցությամբ, մշակել են Պալերմոյում և Մոսկվայում գործունեություն ծավալող փորձառու մասնագետները: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ և՛ մարզպետարանում կայացած խորհրդակցությանը, և՛ Վանաձորում իրականացված շրջայցին՝ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը չի մասնակցել։ Համենայն դեպս, կառավարության կայքում հրապարակված լուսանկարներում՝ նա չկա։ Փոխարենը՝ բոլոր տեղերում վարչապետին ուղեկցում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։
Ստացվում է, որ քաղաքի զարգացման ծրագրերին ավելի շատ մասնակցում է, ներգրավված է մարզպետը, քան քաղաքապետը։ Եվ հարց է առաջանում՝ եթե նրա հանդեպ վստահություն չկա, ապա ինչո՞ւ էր ՀՀԿ-ն այդպես «դոշ տված» նրան պաշտպանում։ Թերևս Կարեն Կարապետյանը շատ լավ գիտակցում է, որ Ասլանյանն իր լեգիտիմության հետ կապված՝ ներքին լրջագույն կոմպլեքսներ ունի, և դա է պատճառը, որ վարպաետը չի ցանկացել քաղաքապետի հետ հավերժանալ մեկ լուսանկարում: Մենք գիտենք, որ մեր խիստ կրեատիվ ու առաջադեմ վարչապետը թուլություն ունի լուսանկարների հանդեպ, ավելի ճիշտ կլինի ասել` լուսանկարների միջոցով մատուցում է քաղաքականություն, ոճ, վերաբերմունք կոնկրետ անձանց վերաբերյալ: Բոլորս հիշում ենք, որ ամիսներ առաջ Կարեն Կարապետյանն այցելել էր օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող տրիկոտաժի ֆաբրիկա և այնտեղ «պատահաբար» լուսանկարվել էր օլիգարխի հետ, ով օջախի տիրոջ կարգավիճակով ուղեկցում էր վարչապետին: Ասում ենք` պատահաբար, որովհետև Կարեն Կարապետյանի և Սամվել Ալեքսանյանի լուսանկարները հայտնվեցին կառավարության կայքում, հետո արագ «խմբագրվեցին», այսինքն` անհետացան:Կարեն Կարապետյանի PR-ով զբաղվող մարդիկ հավանաբար մտածել են, որ Սամվել Ալեքսանյանը ստվերում, խեղում է վարչապետի «նոր ոգին», առաջադեմ, կրեատիվ կերպարը: Գուցե Ալեքսանյանի հետ տեղի ունեցածն աչքի տակ ունենալով, վարչապետն այս անգամ որոշել է զե՞րծ մնալ ֆորս-մաժորներից և իրեն շրջապատել համեմատաբար անշառ կադրերով:
Ստելլա Խաչատրյան