Իտալիայի Վենետո եւ Լոմբարդիա հյուսիսային մարզերի բնակիչները հոկտեմբերի 22-ին կայացած հանրաքվեներում հանդես են եկել երկրի կենտրոնական իշխանություններից ինքնավարության օգտին: La Stampa թերթի փոխանցմամբ՝ Վենետոյում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 59,7 տոկոսը: Նախնական տվյալների համաձայն՝ շուրջ 98 տոկոսն արտահայտվել է ինքնավարության օգտին, 2 տոկոսը՝ դեմ:
Ավելի ուշ հայտնի է դարձել հարեւան Լոմբարդիայում անցկացված համանման հանրաքվեի արդյունքների մասին, որտեղ, ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, բնակիչների ճնշող մեծամասնությունը՝ 95 տոկոսը, հանդես է եկել կենտրոնական կառավարությունից մարզի ինքնավարության օգտին: Տարածաշրջանում հանրաքվեին մասնակցությունը կազմել է ավելի քան 40 տոկոս: Վենետոյում եւ Լոմբարդիայում հանրաքվեները խորհրդատվական բնույթ են կրում եւ ուղղակի կամ անհապաղ ոչ մի ազդեցություն չունեն դրանց կարգավիճակի վրա:
Ինքնավարության աջակցման դեպքում տարածաշրջանների ղեկավարները ժողովրդի մանդատն են ստանում կառավարության հետ բանակցություններ սկսելու համար, ինչպես որ նախատեսված է Իտալիայի Սահմանադրությամբ: Վենետոն եւ Լոմբարդիան միասին կազմում են Իտալիայի տնտեսության մեկ երրորդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: