Շուրջ 9 ամիս առաջ yerkir.am-ին «բախտ» էր վիճակվել ներկա գտնվել ԳԱԱ պատմության ինստիտուտում մի թեկնածուական ատենախոսության պաշտպանության: Պաշտպանողը ԵՊՀ ռեկտորի տխրահռչակ օգնական Գեւորգ Մելքոնյանն էր' «Ախալքալաքցիների զորքն առաջ քաշեք» արտահայտության հեղինակը:

Գեւորգ Մելքոնյանի գիտական աշխատանքի ղեկավարն էր ինքը'ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ատենախոսության թեման էլ ձեւակերպված էր այսպես' «Կայսերական Գերմանիայի քաղաքականությունը Արեւմտյան Հայաստանում 1914-1918 թվականներին»:

Պաշտպանության ամենասկզբից մասնագիտական հանձնաժողովի անդամներից' պատմական գիտությունների դոկտոր Գեւորգ Խուդինյանը մի շարք առարկություններ ներկայացրեց' սկսելով հենց վերնագրից: Հարցն այն էր, Մելքոնյանն իր աշխատանքի վերնագրում եւ աշխատանքի ամբողջ տեքստում գրել էր «Կայսերական Գերմանիա»: Գեւորգ Խուդինյանն էլ այն ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, թե այդպիսի պետություն այդ ժամանակաշրջանում' 1871-1918 թվականներին, գոյություն չի ունեցել: Պետության պաշտոնական անվանումը 1871-1918 թվականներին եղել է Գերմանական Կայսրություն, որը որոշ դեպքերում անվանել են նաեւ կայզերական Գերմանիա: Բայց Գեւորգ Մելքոնյանը վերցրել էր ու գրել' «Կայսերական Գերմանիա», այսինքն' «Կայսերական»-ը' մեծատառով' որպես հատուկ անուն, ու ս-ով, այսինքն' ճիշտ չէր ձեւակերպել անգամ իր ուսումնասիրության առարկայի անվանումը:

Անցյալ տարվա հունիսի վերջին, երբ տեղի ունեցավ հիշյալ պաշտպանությունը, yerkir.am-ը հասցրել էր ճշտել, որ Գ. Մելքոնյանի ատենախոսությունը պարզապես սովորական «ֆոկուս է»: Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ուսումնասիրողներ կան, որոնք զբաղվել են «Գերմանիան եւ Հայոց ցեղասպանությունը» թեմայով: Ով ասես' գրել է այս թեմայով' խոշորագույն գիտնականներից մինչեւ ամենասովորական հետազոտողները: Ու Գեւորգ Մելքոնյանի դեպքում «ֆոկուս» էին արել, թեման փոխակերպել ու դարձրել «Կայսերական Գերմանիայի քաղաքականությունը Արեւմտյան Հայաստանում 1914-1918 թվականներին»: Դա մի ձեւ է, երբ, փոխելով վերնագիրը, թեմայի նյութերը քո անունից մտցնում ես աշխատանքի մեջ, վերաշարադրում ու դարձնում դիսերտացիա:

Բայց նույնիսկ այսպիսի «շահեկան» պրոցեսում թույլ էին տրվել բազմաթիվ սխալներ, ինչպես այն ժամանակ պնդում էին Գեւորգ Խուդինյանը եւ մասնագիտական խորհրդի այլ անդամներ: Իսկ ամենազավեշտալին այն էր, որ Գեւորգ Մելքոնյանն իր ուսումնասիրության առարկայի անունն անգամ չգիտեր:

«Գիտական» աշխատանքի ղեկավար, «ամենազոր» Արամ Սիմոնյանն այն ժամանակ կարողացավ Գեւորգ Մելքոնյանին «դարձնել» գիտությունների թեկնածու: Իսկ դրանից հետո' նաեւ իր օգնական: Մեր տղան էլ ոգեւորվեց «հաջողությունից», սկզբում սկսեց եթեր դուրս գալ, մի օր էլ' հետընտրական կրքերի ամենաթեժ պահին, դարձավ «ախալքալաքցիների զորավար»:

Մեջբերում ենք yerkir.am-ի կողմից 02.07.2012 թ.-ին հրապարակված' Գեւորգ Մելքոնյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանության տեսագրությունը'

Երբ ապաշնորհները ստանում են գիտական աստիճան կամ կոչում, բնական է, որ ամեն կերպ կփորձեն «վարձահատույց» լինել իրենց «գիտնական դարձրածներին»: