Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը պարզաբանել է, թե ինչու այս պահին Հայաստանը հարևան Իրանից գազն ուղղակի չի գնում: Նախ խնդիրն այն է, որ Իրանի հետ Հայաստանն իրականացնում է «էլեկտրաէներգիա գազի դիմաց» բարտերային ծրագիրը, որը Աշոտ Մանուկյանի հավաստմամբ չափազանց շահավետ ծրագիր է և դրանից հրաժարվելն ուղղակի մանկամտություն կլիներ։ Բնականաբար, այստեղ հարց է առաջանում՝ իսկ ինչն է խանգարում, որպեսզի Հայաստանը Իրանի հետ շարունակի բարտերի ծրագիրը, միաժամանակ նաև գազ գնի այդ երկրից՝ ներքին սպառման համար: Հենց այստեղ էլ թաքնված է շան գլուխը. պարզվում է Իրանից գազը ուղիղ գնելու պարագայում Հայաստանը պետք է հրաժարվի «էլեկտրաէներգիա գազի դիմաց» ծրագրի գոնե մի մասից: Այդ ծրագրից չեն ցանկանա հրաժարվել ոչ Հայաստանը, ոչ էլ Իրանը։ Թեհրանն այժմ մտադիր է մեծ ցատկ կատարել արդյունաբերության և արտադրության զարգացման ոլորտում: Սակայն հզորություններ չունի: Այդ իսկ պատճառով մտադիր է Հայաստանից էլեկտրականություն ստանալ: Այն էլ լուրջ ծավալներով: Իսկ հաշվի առնելով վերջին տեղեկությունները, որ Իրանը շուտով կավարտի Հայաստանում երրորդ բարձրավոլտ ԷՀԳ-ի կառուցումը (շինարարության արժեքը կկազմի 107 մլն դոլար, գծի հզորությունը` 400 կՎտ) և երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները կհասցնի մինչև 1000 մՎտ-ի` նախկին 300-400-ի փոխարեն, ապա ամեն ինչ պարզ է և տրամաբանական:
 
«Այն ծավալը, որը մենք այս գործարքի շրջանակներում կներկրենք Հայաստան, ամբողջությամբ կլցնի խողովակաշարը: Իրան-Հայաստան գազատարն ավելի մեծ հնարավորություն չունի, այն ամբողջությամբ կօգտագործվի այս գործարքի շրջանակներում: Հիմա հարց` մենք ի՞նչ գնով գնենք Իրանի գազը, որպեսզի մեզ համար ձեռնտու լինի: Այսինքն, այն գազը, որ մենք ցանկանում ենք Իրանից գնել` բացի այս գործարքից, դրա դիմաց մենք այս գործարքի շրջանակներում ստացվող գազի ծավալները պիտի նվազեցնենք, մնացած գազը գնենք ուղղակի, իսկ այդ ուղղակի գնվող գազի գինը պետք է լինի ավելի ցածր, քան վերահաշվարկով գործարքի ընթացքում ստացվող գազն է: Սա նույնիսկ տեսականորեն բացառված է»,- պարզաբանել է Աշոտ Մանուկյանը:
 
Ժամանակին, ինչպես գիտենք, Հայաստանի իշխանությունները Իրան-Հայաստան գազի խողովակաշարի ծավալը կրկնակի փոքրացրին, որպեսզի իրանական գազատարը չդառնա իրական գազային այլընտրանք: Իհարկե նրանք դա արեցին ոչ սեփական նախաձեռնությամբ, այլ որոշակի կենտրոնների թելադրանքով: Ինչևէ, հիմա հայ-իրանական գազային համագործակցության ձախողումը՝ Մանուկյանը, և ի դեմս նրա օրվա իշխանությունները փորձում են վերագրել նախկին վարչակարգին: Իսկ ի՞նչն է այսօր նրանց խանգարում ուղղել այդ սխալը, վերացնել խոչընդոտները, չէ՞ որ իրանական կողմը պատրաստ է բանակցել առնվազն գազատարի թողունակության մեծացման հարցի շուրջ: Խնդիրը փաստորեն մեր մեջ է: Աշոտ Մանուկյանը նաև վստահեցրել է, որ Հայաստանը Իրանից ուղղակի գազ կգնի նաև, եթե դրա գինն ավելի ցածր լինի ռուսական գազի գնից: Իսկ ի՞նչ գին է առաջարկում Իրանը։ Այս ողջ ընթացքում տարբեր պաշտոնյաների կցկտուր հայտարարություններից միայն կարելի է ենթադրել դրա իրական արժեքը: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ գազի սակագնի վերաբերյալ որևէ բանակցություն Իրանի հետ չի վարվել։ Բայց չգիտես ինչու մեր պաշտոնյաները վստահ են՝ ռուսական գազից էժան գազ չկա ու պարզապես չի կարղ լինել։ Եթե չեն բանակցել՝ ի՞նչ հիմքով են նման եզրակացության եկել։ Իրանի հետ կապված փոխվել է միջազգային քաղաքականությունը, և Հայաստանը կարող է մեծ ծավալի գազ և էլեկտրաէներգիա ստանալ Իրանից, որի արդյունքում կարող է իջնել էլեկտրաէներգիայի գինը: Այս հնարավորությունը մենք դիտարկո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Իսկ իրականությունն այն է, որ գազը ՀՀ սպառողին հասցնելու համար «Գազպրոմն» ինքն է «փայ մտնում»` դառնալով գնի բարձրացման պատճառ, կամ սահմանին գազի գնի տարբերությունն այնքան է, որ գուցե այս դեպքում «Գազպրոմի» համար բավարար գերշահույթներ չեն ստացվի:
 
Ստելլա Խաչատրյան