Լուսակն համայնքի հիմնական դպրոցի տնօրենը նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտին կեղծ ավարտական վկայական է տվել այն պայմաններում, երբ տվյալ աշակերտը 2017 թ-ի փետրվարից բացակայել է Հայաստանի Հանրապետությունից և բնականաբար չի մասնակցել դասերին և ավարտական քննություններին։ Այս կեղծարարությանն ու պաշտոնի չարաշահմանը մասնակցել են նաև դպրոցի այլ ուսուցիչներ։ Լուսակն համայնքի հիմնական դպրոցի տնօրեն Տաթևիկ Մնացականյանը զերծ է մնում որևէ բացատրությունից։

Հատկանշական է, որ վերջին 1 տարում նման չարաշահումները Հանրապետության մասշտաբով մեծ թիվ են կազմում, եթե, անգամ հաշվի չառնենք նախընտրական շրջանում տնօրենների կողմից պաշտոնի չարաշահման հայտնի իրողությունը։ Կարող ենք փաստել, որ դպրոցները նախկինից  առավել  շարունակում են համարվել  կոռուպցիայի կենտրոններ։ Մասնավորապես վերջին 1 տարվա ընթացքում  կոռուպցիոն հայտնի սկանդալներով աչքի են ընկել Գյումրու թիվ 38 դպրոցը, Արարատի մարզի Սիս գյուղի դպրոցը, նույն Արարատի մարզի Նոր կյանք գյուղի դպրոցը, Արմավիրի մարզի Ծիածան գյուղի դպրոցը, որի մասին հայտնել էր Անահիտ Բախշյանը մայիս ամսին, և այսպես շարունակ։

Վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման առաջին օրերը ի սկզբանե նշանավորվել էին հեղաշրջող և երկար տարիներ օրակարգում մնացած խնդիրների բարձրացմամբ։ Դրանցից մեկը դպրոցներում կոռուպցիոն ռիսկերի վերացումն էր, որի վրա Կարեն Կարապետյան հրահանգեց շատ խիստ վերահսկողություն սահմանել մասնավորապես տնօրենների գործունեության հետ կապված․ երևի այն ժամանակ չգիտեր, թե տնօրենները ինչ մեծ քաղաքական  նշանակություն կարող են ունենալ  իշխանոթյունը պահպանելու գործում։ Անգամ Կարեն Կարապետյանն իր խոսքում նշել էր՝ հետևեն, որ տնօրենների ազգականներից ոչ ոք դպրոցում չաշխատի։ Ամեն դեպքում  տնօրենների նկատմամբ խիստ վերահսկողությունը կարող էր մեծապես  օգնել կրթական  ոլորտում առաջընթացի ապահովմանը, սակայն ինչպես տեսնում ենք պատկերը լրիվ հակառակն է, դպրոցներում իրավիճակը շարունակում է մնալ նույնը, և Կարեն Կարապետյանի որդեգրած քաղաքականությունը, որն էր՝ մանր և միջին օղակներից սկսել կոռուպցիայի և չարաշահումերի վերացումը, մեղմ ասած, իր նպատակին չի ծառայում։

Ձախողելով հակակոռուպցիոն պայքարը ստորին օղակներում ինչպե՞ս է պատրաստվում կառավարությունը պայքարել պետական գերատեսչություններում առկա պաշտոնի չարաշահումների դեմ։ Բնականաբար այս առումով ևս կառավարության գործունեությունը հուսադրող չէ։ Փաստորեն՝ մեկ տարին էլ բավական չէր մեր իշխանություններին համոզվելու համար, որ  ձուկը գլխից է հոտած։ 

 

Վաչիկ Գրիգորյան