Հայաստանի համար սահմանված գազի հատուկ գինն այս տարի չի փոխվի: Այս մասին այսօր Երևանում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Ամեն ինչ շատ լավ էր, մենք համոզվեցինք, որ բոլոր ուղղություններով հարաբերությունները աճ են ապրում: Մենք ուրվագծեցինք ապագայի անելիքները: Անկեղծ շնորհակալություն Կարեն Վիլհելմովիչ հրավերի համար»,- հայտնեց ՌԴ կառավարության ղեկավարը:
Դմիտրի Մեդվեդևը նաև տեղեկացրեց, որ այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում նոյեմբերին ՌԴ-ում Հայաստանի մշակութային օրեր անցկացնելու համար:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ քայլեր են կատարվում գյուղատնտեսական ոլորտում երկու երկրների հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, Ռուսաստանի վարչապետը պատասխանեց, որ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում ներդրումների և գյուղտեխնիկայի մատակարարման հարցերը: Նա ընդգծեց, որ այս ոլորտում կարիք կա ջերմոցային տնտեսության և վերամշակման ուղղությամբ ավելի ինտենսիվ աշխատելու:
«Իրոք որ լավ զարգանում է այս ոլորտը, համագործակցության հզոր հենքեր ունենք, ներուժը շատ լավն է: Նշեմ նաև, որ մեզ մոտ հարգի են հայկական մրգերը: Մենք դեռ պահպանում ենք սահմանափակումներ երրորդ երկրներից գյուղմթերքի ներմուծումների նկատմամբ, որպեսզի կարողանանք ԵԱՏՄ մեր գործընկերների՝ հատկապես ՀՀ-ի հետ հարաբերություններ զարգացնել»,- ասաց նա:
Դմիտրի Մեդվեդևը հայտնեց, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի համար առանցքային համարվող էներգետիկային ոլորտին: Նա, մասնավորապես, նշեց, որ Հայաստանի համար սահմանված գազի հատուկ գինը այս տարի կմնա նույնը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, որոնք կնպաստեն երկրների համագործակցության զարգացմանը:
«Նախևառաջ մենք ամփոփոեցինք կատարված աշխատանքները, մեր հարաբերությունները դինամիկ աճ են ապրում: Միևնույն ժամանակ արձանագրեցինք, որ ահռելի հնարավորություններ կան աճը ավելացնելու համար: Մենք բավարարված ենք կատարված աշխատանքով, ինչպես միշտ խիստ կառուցողական և բարեկամական էին»,- նշեց Կարեն Կարապետյանը:
ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունները մոտակա ժամանակահատվածում կյանքի կկոչվեն:
Մեղրու ազատ առևտրի տնտեսական գոտու ստեղծման վերաբերյալ հարցին ի պատասխան Կ. Կարապետյանը հայտարարեց, որ այս ուղղությամբ բանակցությունները շատ ինտենսիվ բնույթ են կրում և մոտ ապագայում հնարավոր կլինի տնտեսական գոտին ստեղծել:
«Կարծում եմ՝ ազատ առևտրի տնտեսական գոտին լավ հարթակ է ռուսական կապիտալի ներգրավման համար»,- ընդգծեց նա:
Դմիտրի Մեդվեդևն էլ հայտարարեց, որ եթե ազատ տնտեսական գոտի ստեղծվի, ռուսական կողմը պատրաստ է հրավիրել ռուս բիզնեսմեններին հրավիրել Մեղրի. «Մենք Իրանի հետ լավ հարաբերություններ ունենք, եթե այն պատրաստ լինի, կմտածենք ինչպես վարվել»,- ասաց ՌԴ վարչապետը: