Ազգային ժողովում այսօր շարունակվում են խորհրդարանական լսումները Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի բերած օրենքի նախագծերի վերաբերյալ: Պաշտպանության նախարարի ու ՀՀԿ-ական պատգամավորների՝ բանակի վերաբերյալ ելույթներին անդրադարձավ ԵԼՔ դաշինքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը. «Մենք չենք կարող ժողովրդավարությունը զոհաբերել բանակի համար: Երբ մենք բոլորին տանում ենք բանակ, վաղն ունենալու ենք բանակում թուրքագետների, հոգեբանների պակաս: Արդյո՞ք նախարարությունն այս հարցին անդրադարձել է: Այսօրվա բանակն ունի մասնագիտական գիտելիքներ ունեցող զինվորների պակաս: Մենք նրանց բակալավրիատից կտրելով, ունենալու ենք շատ լուրջ մասնագետների պակաս»,-ասաց պատգամավորը՝ նախարար Վիգեն Սարգսյանին խորհուրդ տալով իր ելույթի ժամանակ գիրք չընթերցել. «Պարո՛ն նախարար, խոսքս Ձեզ է ուղղված, այդ գիրքը հետո կարող եք կարդալ: Հուսով եմ, որ և՛ կարդում եք, և՛ լսում ինձ»:
Պատգամավորի այս ելույթից հետո ամբիոնին մոտեցավ նախարար Սարգսյանը՝ արդեն մամուլի մասին իր կարծիքըն ասելու ոչ թե ԱԺ միջանցքում, այլ ԱԺ գլխավոր ամբիոնից. «Ես կոռեկտ եմ լինելու իմ ընդդիմախոսների նկատմամբ: բայց պետք է խնդրեմ իմ կոտեկռտությունը չշփոթել միամտության հետ: Ես ինձ համար այս օրերին որդեգրել եմ քաղաքական մշակույթի մի նոր ձև՝ մեդիամենախոսություն: Կապ չունի, թե դու ինչ ես խոսում, մոնտաժվում է այն կտորը, որն ասել է այս կամ այն պատգամավորը, գցվում է ցանց՝ լայքեր հավաքելու համար»,-մամուլի մասին իր տեսակետը ներկայացրեց Վիգեն Սարգսյանը՝ խորհուրդ տալով հանրությանը չմոլորեցնել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Ազգային ժողով եկած Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցին՝ արդյո՞ք սահմանում իրավիճակը լարված է:
Նրա թիկնապահները լրագրողներին այս ու այն կողմ էին հրում, իսկ երբ լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե ինչու են նրա թիկնապահները խոչընդոտում լրագրողների աշխատանքը, նախարարն ասաց. «Որովհետեւ դուք անտակտ եք»: