ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը շարունակում է մնալ հայաստանյան քաղաքական շրջանակների ամենաքննարկվող թեման: ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը, նախքան ՀՀ-ԵՄ համաձայնագրի առանցքային դրույթներին անդրադառնալը, հարկ համարեց խոսել այս թեմայի շուրջ հաճախակի հնչող հարցրի մասին. «Անընդհատ հարցնում են՝ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը չստորագրի այս համաձայնագիրը: Հայաստանին չեն պատժելու չստորագրելու համար: Որ Սերժ Սարգսյանն ասաց, թե 2013 թվականին եթե ԵԱՏՄ չգնայինք, ՀՀ անվտանգության խնդիրները չէին լուծվելու, չկա նման բան: Ուղղակի Հայաստանը վերջին անգամ կկորցնի այն հնարավորությունը, որը վերջին տարիներին ստանում է»:  

Հովհաննես Իգիթյանը պատահականություն չի համարում նաև համաձայնագրի ստորագրման կամ չստորագրման մասին խոսակցությունները՝ դրանք համարելով իշխանությունների կողմից մեդիադաշտ նետված խայծեր. «Համաձայնագրի չստորագրման հետ կապված ինտրիգները եկան ավելի շատ ՀՀ իշխանությունների կողմից, որ ստորագրելու դեպքում ասեն, թե տեսեք՝ հերթական դիվանագիտական հաղթանակն ունեցանք։ Կամ, եթե չստացվի ստորագրելը, ասեն՝ տեսեք՝ մենք ասում էինք, որ դա շատ դժվար էր»,- նշեց նա:

Հովհաննես Իգիթյանը զարմանում է այն բանի վրա, որ մենք հակված ենք համաձայնագիրը պաշտպանելուն:  «Մենք ասելով՝ նկատի ունեմ նրանց, ովքեր խոսում են համաձայնագրի մասին և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները: Ումի՞ց ենք մենք պաշտպանվում՝ Հայաստանի իշխանությունների՞ց, նրանց համոզում ենք, որ այն օգո՞ւտ է Հայաստանի համար, գնացեք և դա ստորագրեք, թե՞ Ռուսաստանին՝ թե նայե՛ք, մենք որևէ միկրոմիլիմետր չենք հեռանում ձեզնից»,-նշեց փորձագետը:

Աղավնի Սուքիասյան