Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովի նիստի ավարտից հետո Աժ պատգամավորներն ու ղեկավար կազմը մեկնեցին Եռաբլուր՝ հարգելու հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը:
ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ունեցել է կազմակերպիչներ և դա պաշտոնական վարկած է. «Այդ վարկածը պատշաճ կերպով չի ուսումնասիրվում և քննության առարկա չի դառնում։ Թույլ տվեք ասել, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը Հայաստանում ունի համապատասխան լծակներ, այդ հարցը պատշաճ քննության չի արժանանա»,-ասաց Փաշինյանը։
Նա վիրավորանք և անարգանք որակեց ԱԺ նախագահի տեսակետը, որ եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, միևնույնն է, այլ որակի Հայաստան չէր լինի. «Դա ուղղակի վիրավորանք է, անարգանք է Հոկտեմբերի 27-ի զոհերի հասցեին։ Ես ուզում եմ արձանագրել մի բան՝ հոկտեմբերի 27-ին գլխատվել է այն Ազգային ժողովը, այն կառավարությունը, որը ձևավորվել է մի ընտրություններով, որի արդյունքները չեն վիճարկվել ընդհանրապես որևէ մեկի կողմից, որևէ մեկը կասկած չի ունեցել, որ ժողովրդի քվեի արդյունքում ստացված, ձևավորված Ազգային ժողով է ու կառավարություն։ Դրան նախորդած ու հաջորդած բոլոր ընտրությունները լեգիտիմության կասկածելիության բեռն ունեցել են, և կարծում եմ, որ նման միտք արտահայտելը պատշաճ չէ որևէ մեկի կողմից»- նշեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավարը:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ հարցին՝ եթե Հոկտեմբերի 27-ը չլիներ, մենք կապրեինք ա՞յլ Հայաստանում, պատասխանել էր. «Իշխանությունը կարողանում է զարգացնել այնպես, ինչպես ժողովուրդը նրան վստահում է։ Մենք ունենք դանդաղ, բայց հստակ առաջընթաց և այդ ամենը տարբեր ֆակտորներով է բացատրվում։ Ուղղակիորեն ասել, որ մենք կունայինք այլ որակի Հայաստան, համոզված եմ՝ ոչ»։