Տիգրան Հայազնի և Գարեգին Ղազարյանի «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գիրքը հայազգի գեներալներին և ծովակալներին նվիրված կենսագրական հանրագիտարան է: Այն հայ ռազմական փաղանգի, հայ գեներալների և ծովակալների տոհմամատյան է, որտեղ արտացոլված է հայ ժողովրդի ռազմական կենսագրությունը:
Այս արժեքավոր հանրագիտարանում իր արժանվույն տեղն է գտել նաև 20-րդ դարի կազակական զորքերի գեներալ-լեյտենանտ, հայ անվանի գեներալ Շմավոն Զագարյանը (Ճաղարյան) : Կենսագրական հարուստ տեղեկատվությունից զատ, գրքում նշվում է, որ հայազգի անվանի գեներալն ապրում և գործում է Կրասնոդարում: Նա Կուբանի պահեստային զորքերի ատամանի տեղակալն է, Մարշալ Գ.Կ Ժուկովի անվան կորպուսի հրամանատարը, «Երմակի շքանշանի» բոլոր աստիճանների լրիվ ասպետ:
Նկատենք նաև, որ գրքի համար սկզբնաղբյուր են ծառայել հայ և օտար պատմիչների և պատմաբանների երկերը, հայկական և խորհրդային և ռուսական հանրագիտարանները, կենսագրական բնույթի նյութերն ու տեղեկատուները: Գրքի առաջին և երկրորդ մասերում տեղ են գտել 1560-ական թթ սկսած մինչև մեր օրերը Հայաստանի և այլ պետությունների կողմից զինվորական ոստիկանական, անվտանգության, հատուկ ծառայությունների բարձրագույն աստիճանի արժանացած հոր գծով հայ 1052 գեներալներ և 54 ծովակալներ: Գրքի երրորդ մասում ներկայացվել են նաև 76 արդարադատության ոլորտի դասային աստիճանավորներ, իսկ ահա 4-րդ մասում ՝ հավելվածներում ընդգրկվել են 114 գեներալների համառոտ կենսագրություններ: