Հայաստանում Ֆինլանդիայի բնական պաշարների ինստիտուտի (Luke) հետ կներդրվի Սևանի իշխանի բազմացման ծրագիրը: Ծրագիրը կմեկնարկի հաջորդ տարվա աշնանը և կտևի առնվազն չորս տարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' հայաստանյան կողմից մասնակիցը «Սևանի իշխան» ընկերությունը կլինի, որը ստեղծվել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից:

Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Սևանի իշխան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ջոն Մկրտչյանը: «Այդ ծրագրով գենետիկների և կենսաբանների խումբը Սևանի իշխանը բաժանելու է մոտ 200 խմբի, կատարվելու են համապատասխան վերլուծություններ, ամեն ընտանիքի մասին կազմվելու է հստակ տեղեկատվություն, ընտրվելու են լավագույն ընտանիքները: Ամենակարևորն այն է, որ խուսափենք միջազգակցական խաչասերումներից»,-ասաց Ջոն Մկրտչյանը:

Նրա խոսքով' 40 տարի ոչ գրագետ ձկնաբուծության արդյունքում միջազգակցական խաչասերումից խուսափել չի ստացվել, ինչը հանգեցրել է մտահոգիչ իրավիճակի: «Սևանի իշխանի և առավել ևս ամառային իշխանի մոտ միջազգակցական խաչասերումը բավականին լուրջ խնդիրներ է առաջացրել»,-նշեց մասնագետը: Նա նկատեց, որ կառավարության որդեգրած «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» ողջ գաղափարախոսությունն ինքնին ուղղված է խառնուրդները բացառելուն և այն ձկնատեսակի բազմացմանը, որը ժամանակին ունեցել է Հայաստանը:

Ծրագրի ընթացքում հայ մասնագետները համապատասխան վերապատրաստումներ կանցնեն, որից հետո հայկական ռեսուրսներով կշարունակվի աշխատանքը:

Ներկայում Սևանի գեղարքունի իշխանի առաջին խմբաքանակն արդեն «Սևանի իշխան» մանրաձկան գործարանի ավազանում է, 3 -ից մինչև 50 գրամ դառնալուց հետո այն կտեղափոխվի Սևանա լճում տեղակայված ցանցավանդակային տնտեսություն: Նախատեսված է տարեկան արտադրել 4 միլիոն մանրաձուկ, ևս 1.5 միլիոնը բաց թողնել Սևանա լիճ' ձկնապաշարների վերականգնման նպատակով: