Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 30-ին քննարկվում էր 2018 թվականի բյուջեն: Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի՝ ապագայում ապահովելու միջինը 5 տոկոսանոց տնտեսական աճ, ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել մեր առջև ծառացած խնդիրները:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն, անդրադառնալով Կառավարության և դրա ղեկավարի ակնկալած 5 տոկոսանոց տնտեսական աճին, ասաց. «Նկարչություն է արված ընդամենը, անգամ այդ թվերը, որոնք ակնկալում են, իրականությանը չի համապատասխանում: Կարծում եմ՝ ավելի լուրջ քայլ պետք է կատարվի, որպեսզի հանրությունն իր մաշկի վրա զգա այդ դրական դինամիկան: Եթե անգամ վարչապետը ասում է, որ հնարավոր է հասնել 5 տոկոսանոց տնտեսական աճի, միևնույնն է, դա նվազագույնն է: Այնպիսի պայմաններում, որում ապրում է հայ հասարակությունը, անհրաժեշտ է երկնիշ թվով տնտեսական աճ արձանագրել և այն էլ իրական, ոչ թե նկարած»,-ասաց Մակեյանը:

Վերջինս անընդունելի համարեց ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում Կառավարության  համատարած օպտիմալացման հերթական քայլը, ըստ որի, աշխատանքից կազատվի պետական ապարատի 5500 աշխատակից, որի արդյունքում կնայվի մոտ 3 միլիարդ դրամ: «Առանց այն էլ հասարակությունն ապրում է սոցիալական շատ ծանր պայմաններում: Սրան եթե ավելանա ևս 5500 հոգու գործազրկություն, ապա պետք է ասել՝ Կառավարությո՛ւն զարկ եք տալու արտագաղթին, չէ՞ որ այդ մարդկանց հայրենիքի հետ պահում էր հիմնականում նրանց աշխատանքը»,-ասաց նա՝ հավելելով՝ այս իշխանությունն արդեն ապացուցել է, որ իրեն չի անհանգստացնում արտագաղթը, որին նաև նպաստում են մեր երկրում սկիզբ առած թանկացումները: 

Դիտարկմանը, որ այսօր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը սկիզբ առած թանկացումները համարեց նորմալ երևույթ՝ լրագրողներին խորհուրդ տալով գույներն առավել չխտացնել, Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Դե՛, Արթուր Ջավադյանը վիրտուալ  իրականության ներկայացուցիչ է, դրա համար էլ թանկացումներն իր կաշվի վրա չի զգում: Նա հայկական իրականության հետ ի՞նչ կապ ունի»:

Ստեղծված իրավիճակում որպես ելք՝ մեր զրուցակիցը մատնացույց է անում համակարգային փոփոխությունը, որին, սակայն, ունակ չեղավ վարչապետ Կարեն Կարապետյանը. «Նա կարող էր որոշ բաներ անել, իրականում, սակայն, պետք է նշեմ, որ այստեղ անձերի խնդիր չկա, ով էլ լիներ վարչապետի պաշտոնում՝ նույն պատկերն էինք ունենալու, մեր պարագայում՝ ակնհայտ է՝ կադրերը չեն որոշում ամեն ինչ, համակարգն է որոշում, որն էլ պետք է ամբողջապես փոխվի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հակառակ պարագայում՝ կհասունանա ժողովրդական լայն ընդվզում, ինչն էլ կպարտադրի այդ համակարգային փոփոխությունը:

 

 Աղավնի Սուքիասյան