Երեկ Econews.am կայքը հրապարակեց Կարմիր գրքում գրանցված կենդանիների և թռչունների որսի մասին հերթական բացահայտումը, որն ուշագրավ էր հատկապես նրանով, որ թռչուն որսացողը քահանա էր:

Խոսքն այս պարագայում  տեր Ղևոնդ քահանա Գափոյանի մասին է, ով ոչ միայն որսացել է Կարմիր գրքում և միջազգային IUCN Կարմիր ցուցակում ընդգրկված թռչուններ, այլ նաև հրապարակել է այդ մասին վկայող նկարներ: 

Հրապարակված լուսանկարներն ու դրանց վերաբերյալ արված մեկնաբանությունները համացանցում դարձել են քննարկումների առարկա, իսկ հոգևոր առաջնորդի՝ «Ուժեղի մոտ միշտ էլ թույլ է մեղավոր», «Ես վախենալու չունեմ» արտահայտությունները հունից հանել են ֆեյսբուքյան օգտատերերին:

Նրանցից ոմանք պարզապես խորհուրդ են տալիս ազատվել նման հոգևոր հովվից: 

ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց կապ հաստատել Աշտարակի սուրբ Կարմրավոր եկեղեցու և Նոր Եդեսիա համայնքի հոգևոր հովիվ տեր Ղևոնդի հետ:

Հեռախոսազանգին, սակայն, պատասխանեց նրա օգնականը՝ նշելով, որ հոգևոր հովիվն այս պահին մասնակցում է  եկեղեցական արարողության:

Վերջինս մեզ հայտնեց, որ տեր Ղևոնդը տեղյակ է համացանցում ծավալված քննարկումներին և ծանոթ է հրապարակված նյութին. «Միայն կարող եմ ասել, որ հրապարակումը փոխանցել ենք առաջնորդարան և այնտեղից սպասում ենք պաշտոնական պատասխանի»,-ասաց նա՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի: 

Աղավնի Սուքիասյան