Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձել է Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին օրենքի նախագծից ՀՀԿ-ական պատգամավորների դժգոհություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե օրենքի նախագծում կան խնդրահարույց դրույթներ, որոնց հետ կապված ՀՀԿ-ական շատ պատգամավորներ դժգոհություններ ունեն, Դավիթ Հարությունյանն ասաց, որ խորին հարգանքով է վերաբերվում իր գործընկերների կարծիքին, սակայն հավելեց, որ նախագծում որոշ փոփոխություններ են նախապատրաստվում նրանց կասկածները փարատելու համար: «Մենք մասամբ ավարտել ենք նախագծում փոփոխություններ կատարելու աշխատանքները: Այդ փոփոխությունները մենք պետք է ներկայացնենք մեր գործընկերներին, որից հետո կարող եք նրանցից ճշտել՝ փարատվե՞լ են իրենց կասկածները, թե՞ ոչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:
Նա նշեց, որ օրենքի նախագիծը բուռն քննարկումների արժանացավ, յուրաքանչյուր բառ մեկնաբանվեց, երբեմն ոչ ողջամիտ: «Այս օրենքի նախագծում նշված էր հետևյալ ձևակերպումը՝ «անձին ազատությունից ապօրինի զրկելը»: Եվ դրա հետ կապված տարբեր մեկնաբանություններ հնչեցին: Եվ երբեմն այդ քննարկումները հասցվում էին աբսուրդի: Նույն քրեական օրենսգրքում առկա է բացարձակապես նույն ձևակերպմամբ հոդված, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն այն անձի համար, ով ուրիշ անձի ապօրինի զրկում է ազատությունից: Բայց չգիտես ինչու թվում է, որ քրեական օրենսգիրքը պետք է մեկնաբանվի ողջամտորեն, իսկ այս օրենքը՝ ոչ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց՝ քանի որ առկա են մտահոգություններ, բնականաբար շատ դժվար է այդ մտահոգությունները փարատել, այն էլ նման բուռն քննարկումների պայմաններում: Այնպես որ, օրենքի նախագծի վրա որոշակի աշխատանք կատարվում է, որպեսզի փարատվեն կասկածները, որ օրենքը ոչ ողջամտորեն չմեկնաբանվի»,- ասաց նա:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս օրենքի նախագիծը կարևոր է ընտանեկան բռնությունը կանխարգելելու տեսանկյունից: «Այս օրենքի նպատակն այլ է, քրեական օրենսգրքի նպատակը՝ այլ: Քրեական օրենսգրքի նպատակը պատժելն է, այս օրենքի նպատակը կանխարգելելն է հետագա զարգացումը, խորացումը և սրացումը: Երկրորդ նպատակը, զոհի պաշտպանությունն է, ինչը ոչ պակաս կարևոր խնդիր է, քան մեղավորին պատժելը»,-նշեց նախարարը:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ կարծում է՝ լրամշակումների արդյունքում նախագծի դրույթներն էապես չեն փոխվի: Պարզապես դրույթները հստակեցվելու են, որպեսզի ՀՀԿ-ականների մտահոգությունները փարատվեն:
Հարցին, որ սա աննախադեպ է, երբ կառավարության ներկայացրած օրինագծին ընդդիմանում է ՀՀԿ-ն, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ում բազմիցս եղել են շատ բուռն քննարկումներ, սա միակ դեպքը չէ: Նա նշեց, որ ընտրական օրենսգրքի և այլ նախագծերի քննարկումների շուրջ էլ են եղել ՀՀԿ-ականների ընդդիմադիր դիրքորոշումներ: «ՀՀԿ շրջանակներում մենք չունենք դիրքորոշում, որ բոլորս միաձայն կողմ ենք, այլ ունենք բուռն քննարկումներ»,- եզրափակեց նա: