ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 31-ին ելույթ է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստի բացմանը՝ Արեւելյան գործընկերության ապագայի եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների շուրջ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:
Արեւելյան գործընկերության առաջնահերթությունների համատեքստում Արմեն Աշոտյանն անդրադարձել է Հայաստանի բազմավեկտոր կամ այսպես կոչված «կոմպլեմենտար» Արեւելյան գործընկերության դիրքորոշմանը եւ այս առնչությամբ ընդգծել, որ պետք է հաշվի առնել, որ Արեւելյան գործընկերության շրջանակում ընդգրկված յուրաքանչյուր պետություն ունի իր սեփական հետաքրքրություններն ու ուղեգիծը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը կարեւորել է ՀՀ-ԵՄ համագործակցության նոր իրավական շրջանակի ձեւավորումը եւ Արեւելյան գործընկերության գալիք գագաթաժողովում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված նոր համաձայանագրի ստորագրումը: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը նաեւ հույս է հայտնել մոտ ապագայում վիզաների ազատականացման գործընթացի հետ կապված դրական արդյունքների արձանագրման վերաբերյալ:
Իր խոսքում Արմեն Աշոտյանը կարեւորել է նաեւ Արեւելյան գործընկերության հարթակի արդյունավետ ծառայեցումն Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիների շահերին:
Անդրադառնալով Արեւելյան գործընկերության անդամ երկրների միջեւ առկա տարբերություններին՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է այնպիսի արժեքների սահմանումը, որոնք կլինեն ընդհանուր եւ ընդունելի Արեւելյան գործընկերության բոլոր երկրների համար:
Իր խոսքում Արմեն Աշոտյանը նաեւ անդրադարձել է Արեւելյան գործընկերության երկրներում առկա հակամարտություններին եւ նշել, որ Եվրանեսթ-ը հակամարտությունների կարգավորման հարթակ չէ, սակայն այն կարող է դիտարկվել որպես եզակի միջոց հակամարտող պետությունների՝ մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների միջեւ քաղաքական երկխոսության ծավալման համար: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը կարեւորել է այն հանգամանքը, որ Վեհաժողովը Կիեւում ընթացող իր աշխատանքներում կարողացել է ընդգծել եւ արձանագրել այն կարեւոր փաստը, որ Արեւելյան գործընկերության երկրներում առկա բոլոր հակամարտությունները տարբեր են, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, եւ խնդրի կարգավորումը հիմնված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Արմեն Աշոտյանը կարեւորել է այն, որ Վեհաժողովը վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
Արմեն Աշոտյանն ընդգծել է նաեւ այն հանգամանքը, որ Արեւելյան գործընկերությունը թղթի վրա նշված պայմանավորվածություն եւ փաստաթղթաշրջանառություն չէ եւ չի կարող լինել, այն հարթակ է Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիների ակնկալիքների արդարացման համար՝ գործունեության հիմք եւ նպատակ դարձնելով բարեփոխումների իրականացումն ու ամենօրյա հետեւողական աշխատանքը:
Ելույթի ավարտին Արմեն Աշոտյանն Արեւելյան գործընկերության գալիք գագաթաժողովի շրջանակում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված նոր համաձայանագրի ստորագրման հետ կապված նշել է, որ իրավական այս նոր շրջանակում Հայաստանը կդառնա առաջին երկիրը, որը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ եւ միաժամանակ ունենալու է իրավականորեն պարտավորեցնող համաձայնագիր Եվրոպական միության հետ: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նշել է, որ համաձայնագրի ստորագրումը կլինի հղում միջազգային հանրությանն առ այն, որ Եվրասիական տնտեսական միությունն ու Եվրոպական միությունը չպետք է լինեն հակամարտող կողմեր, եւ Հայաստանն այս պարագայում կարող է հանդիսանալ կապող օղակ՝ երկու միավորումների տարբեր տնտեսական եւ քաղաքական ջանքերի միավորման համար: