Նախագահ Սերժ Սարգսյանը Business FM-ին տված հարցազրույցում անդրադարձել է Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին` նշելով, որ այն ԵԱՏՄ-ին հակասող կետեր չի պարունակում: «Ըստ էության՝ դա ԵՄ հետ համագործակցության խորացում է, առաջին հերթին՝ մեր հասարակության արդիականացում: Խոսքն արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների մասին է: Տնտեսությանն այն գրեթե չի անդրադառնում»,- նշել է ՀՀ նախագահը: Նա ընդգծել է, որ համաձայնագրի կետերը չեն հակասում ԵԱՏՄ-ին: «Այստեղ հակասություններ չեն կարող լինել: Մեր երկրում կգործեն այն օրենքները, այն համաձայնագրերը, պայմանագրերը, որոնք մենք ստորագրում ենք ԵԱՏՄ շրջանակներում: Չէ՞ որ առանձնապես տարբերություն չկա: Ռուսաստանն ԱՀԿ անդամ է, մենք՝ ԱՀԿ անդամ, Ղազախստանը, Ղրղզստանը՝ նույնպես: Ի վերջո, ես կարծում եմ, որ ԵԱՏՄ-ն ապագայում կգործի Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններով, այն կանոններով, որոնցով այժմ աշխատում են եվրոպացիները»,- ասել է Սերժ Սարգսյանը:
ԵՄ հետ համաձայնագրի ստորագրմանը ընդառաջ՝ Սարգսյանը զգալիորեն ակտիվացել է հատկապես ռուսական ուղղությամբ, կարծես փորձելով ռուսկան իսթեբլիշմենթի համար մեկնաբանել պաշտոնական Երևանի դիրքորոշումը այս հարցում: Սարգսյանը հանգստացնում է ռուսներին, հայտնելով, որ Ասոցացման համաձայնագիրը, որի շուրջ նախկինում բանակցել են Եվրոպական Միությունը և Հայաստանը, կարելի էր պայմանական բաժանել մի քանի մասի՝ քաղաքական, տնտեսական և այլն: Հիմա այն համաձայնագիրը, որը կողմերն արդեն իսկ նախաստորագրել են, Ասոցացման համաձայնագրից տարբերվում է նրանով, որ այնտեղ պահպանվում են այն կետերը, որոնք չեն հակասում Եվրասիական միությունում Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Համաձայնագրում բացակայում են տնտեսական և անվտանգության վերաբերյալ բաղադրիչները, բաղադրիչներ, որոնք միանշանակ առաջնային են դիտարկվում ՌԴ շահերի համատեքստում: Անշուշտ, ռուսական կողմը մտահոգվելու որևէ առիթ չի ունենա, եթե Հայաստանը խորացնի իր համագործակցությունը ԵՄ հետ, ասենք՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, հատկապես, որ Մոսկվայում կասկած անգամ չունեն այդ համագործակցության անարդյունավետ վերջաբանի հարցում: ՀՀ նախագահը միանգամայն ճիշտ է: Եմ հետ ստորագրվելիք համաձայնագրում նշված չէ, որ շարժվելու ենք Եվրոպական առևտրի խաղի կանոններով: Նախ` ԵԱՏՄ-ի հետ պետք է ունենալ դրական զարգացում, որ ինչ-որ բան դրան հակասի: Քանի դեռ որևէ առաջընթաց չկա, ոչ մի հակասություն էլ չի լինի...
Ստելլա Խաչատրյան