Մեղրաձոր համայնքում տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններին անում են ամեն ինչ, որ անցնի իշխանության թեկնածուն:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Մեղրաձոր համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Մկրտչյանը՝ հավելելով, որ բոլոր միացված համայնքներում նույն իրավիճակն է:
«Մեղրաձորում, Մարմարիկում, Փյունիկում, Արտավազդում և Աղավնաձորում, բոլոր համայնքապետերը մարդկանց բերել են տալիս տեղամասեր և անում այնպես, որ իշխանության թեկնածուին ընտրեն: Այդ ամենը անում են բացահայտ»,-մեզ հետ զրույցում ասաց թեկնածու Ս. Մկրտչյանը:
Նշենք, որ համայնքների խոշորացումից հետո Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մեղրաձոր գյուղին են միացվել և մեկ համայնքի մեջ են մտել հարակից Մարմարիկ, Աղավնաձոր, Փյունիկ և Արտավազդ գյուղերը, որտեղ էլ տեղի է ունենում համայնքապետի ընտրություններ:
Մեղրաձոր համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են իշխանության թեկնածու Կառլեն Հովհաննիսյանը և անկուսակցական, իրավապաշտպան Սամվել Մկրտչյանը:
«Սա չի կարելի համարել ընտրություն: Անկառավարելի իրավիճակ է: Մարդկանց բացեիբաց ստիպում են քվեարկել իշխանության թեկնածուի օգտին: Այս ամենը կառավարում են մյուս համայնքների նախկին ղեկավարները»,-հավելեց Մկրտչյանը: