Գեղարքունիքի մարզում նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում գրանցված համայնքի ղեկավարի երկու կին թեկնածուներից իր մրցակցին հաղթել է Գեղաքարի գյուղապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված Կարինե Մարտիրոսյանը, իսկ ահա խոշորացված Գեղամասար համայնքում ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված Զոյա Գեւորգյանը պարտվել է մրցակից, ՀՀԿ անդամ, ինքնաառաջադրված Հակոբ Ավետյանից:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 եւ 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, Գեղաքար համայնքում Կարինե Մարտիրոսյանի օգտին քվեարկել է 67, նրա մրցակից, անկուսակցական Ռաֆիկ Սաֆարյանի օգտին՝ 19 ընտրող: Գեղամասար համայնքում Զոյա Գեւորգյանի օգտին քվեարկել է 1392, նրա մրցակից Հակոբ Ավետյանի օգտին՝ 2078 ընտրող: Գեղամասար խոշորացված համայնքն իր կազմում ընդգրկում է Փամբակ, Դարանակ, Արեգունի, Գեղամասար, Ավազան, Արփունք, Կախակն, Փոքր Մասրիկ, Կուտական, Տրետուք, Սոթք, Ազատ, Կութ, Նորաբակ, Ջաղացաձոր, Շատջրեք, Շատվան, Գեղամաբակ նախկին համայնքները: