70-ից ավելի հայ հայտնիներ կանգնել են խնդրի առաջ. արգելափակվել են նրանց YouTube-յան պաշտոնական էջերը: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում երգչուհի Սոնա Շահգելդյանն, ում էջը ևս արգելափակվել է, նշեց, որ այն դեռևս չի վերականգնվել և ոչ էլ պարզվել է, թե ինչն է պատճառը:
«Շատերիս էջերն են արգելափակվել, բայց նրանցից մի քանիսինը վերականգնվել է: Հուսանք մյուսներինս ևս կվերականգնվի։ Այնտեղ իմ տարիների կատարած աշխատանքն է ներկայացված և եթե հարցը չլուծվի ամբողջ աշխատանքս հնարավոր է՝ կորչի։ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչը կարող էր լինել մեր պաշտոնական էջերը արգելափակելու պատճառը։ Մեզանից շատերը գրանցված են «Հայ ֆանատ» էջին, սակայն չեմ կարող ասել խնդիրը «Հայ ֆանատ»-ինն է, թե՞ YouTube»-ը,- իր մտահոգությունը հայտնեց երգչուհին՝ նշելով, որ հարկ եղած դեպքում հարցը կլուծի իրավական դաշտում։
Մեզ հետ զրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ նշեց, որ դեռևս փորձում է հասկանալ, թե ինչն է զանգվածային խնդրի առաջացման պատճառը․ «YouTube-ը գրում է, որ խախտվել են իր կանոնները, բայց հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը: Ալիքներն արգելափելը հասկանալի է, քանի որ այլ տեղերից վերցրած նյութեր են հրապարակում և կրկնօրինակում: Բայց այս դեպքում երգիչները հանդիսանում են կոնկրետ արտադրող:
Ենթադրում եմ` YouTube-ը նոր համակարգ է միացրել, փորձում է ավտոմատացված հետևել խախտումներին ու դրա հետ կապված խնդիրներ են առաջացել»,- նշեց Մարտիրոսյանը:
Փորձագետը չբացառեց, որ պաշտոնական էջերի արգելափակման պատճառը հնարավոր է լինի արհեստականորեն դիտումներ ավելացնելը, սակայն նկատեց նաև՝ ոչ միայն այդ դեպքում, այլև դրա մեջ պարզապես կասկածելու պարագայում ևս էջերը կարող էր արգելափակել։
«Խնդիրը նրանում է, որ դա մարդ չի անում, այլ ավտոմատացված է և միշտ չի, որ այն ճիշտ է աշխատում»,- ավելացրեց նա:
Սոնա Հարությունյան