Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հնչեցրեց ընդամենը մեկ հանձնարարական, որը վերաբերում էր դատական համակարգին՝ մասնավորապես, վարչական դատարանի ծանրաբեռնվածության թեթևացմանը:
Ըստ գործադիրի ղեկավարի՝ կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ առկա է, օրինակ, 9200 դատական հայց, որոնց քննությունները տեղի են ունենալու 2018 և անգամ որոշներինը՝ 2019 թվականին:
Կարապետյանի խոսքով՝ վարչական դատարանի՝ նման ծանրաբեռնվածությունը խոչընդոտում է մարդկանց արդար դատաքննության իրավունքը և լուրջ ռիսկեր է առաջացնում գործարար միջավայրում:
«Ելնելով վերոգրյալից՝ հանձնարարում եմ ՀՀ արդարադատության, տրանսպորտի, գյուղատնտեսության նախարարություններին, ՀՀ ոստիկանության պետին և ՊԵԿ ղեկավարին, ինչպես նաև երևանի քաղաքապետին, երեքամսյա ժամկետում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչական կարգով բողոքարկումների որակի և թափանցիկության վերաբերյալ նոր առաջարկներ»,-հանձնարարեց վարչապետը:
Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը դիմեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ նշելով.
«Պարո՛ն Հարությունյան, երեք ամիսը շատ չի՞»:
«Երկու ամիս, պարո՛ն վարչապետ»,-արձագանքեց Հարությունյանը՝, որից հետո Կարապետյանը հանձնարարականի կատարման համար վերջնաժամկետ սահմանեց երկու ամիսը: