Ռուսաստանի Դաշնությունում աշխատող հայ վարորդներից ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկություն ստացավ այն մասին, որ հայկական վարորդական վկայականներով ՌԴ-ի տարածքում չի թույլատրվում աշխատել, այսինքն՝ հայկական և միջազգային վարորդական իրավունքներով աշխատանքային և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հնարավորությունը հուլիսի 12-ի՝ ՌԴ Պետդումայում ընդունված օրենքից հետո դարձել է անհնար, և նրանք փաստացի կանգնած են գործազրկության եզրին:
Տարածվեցին նաև պաշտոնական հայտարարություններ, որոնք, սակայն, իրականությունը հակասում են:
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսին՝ ՀՀ կառավարությունը տարածեց հայտարարություն, որով փարատում էր հայ վարորդներին հուզող խնդիրը՝ պնդելով, թե Աստանայում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են ազգային եւ միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչմանն առնչվող խնդիրները և ստորագրել համաձայնագիր՝ ԵԱՏՄ երկրներում տրված ազգային եւ միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման մասին՝ միության այլ երկրի տարածքում ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար։
Քանի որ վարորդները պնդում են, որ օգոստոսից մինչ այժմ իրենց խնդիրը լուծված չէ և ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքի վկայականը կարողանում են օգտագործել միայն անձնական նպատակով, մենք որոշեցինք հարցում ուղարկել ՀՀ ԱԳՆ, որից ստացված պատասխանը եկավ հաստատելու հայ վարորդների մտահոգությունը.
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը ներկայացնում ենք ստորև՝ առանց մեկնաբանության.
Ռուսաստանի Դաշնության «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքը սահմանում է, որ աշխատանքային և ձեռնակատիրական գործունեություն իրականացնելիս չի թույլատրվում օտարերկրյա ազգային և միջազգային վարորդական իրավունքների հիման վրա տրանսպորտային միջոցների կառավարումը: Այդ կապակցությամբ ներկայումս աշխատանքներ են տարվում ռուսական կողմի հետ և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հարցին շուտափույթ լուծում տալու վերաբերյալ՝ ներառյալ գործող օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով, ինչի արդյունքում, ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի աշխատանքային և ձեռնակատիրական գործունեություն իրականացնել ՌԴ տարածքում՝ Հայաստանի կողմից տրված ազգային և միջազգային վարորդական իրավունքի հիման վրա:
Միաժամանակ տեղեկացնենք, որ տրանսպորտային միջոցների անձնական նպատակներով շահագործման պարագայում Հայաստանի կողմից տրված ազգային և միջազգային վարորդական իրավունքների մասով ՀՀ քաղաքացիների համար սահմանափակումներ չկան:
Աղավնի Սուքիասյան