Տարկետման իրավունքը սահմանափակող՝ ՊՆ նոր օրինագծի ուսանողների բողոքի ակցիան ԵՊՀ-ի դիմաց շարունակվում է: Ուսանողները երթով անցնում են մի շարք ԲՈւՀ-երի մոտով, «տարկետում լինելու է, միացում, դասադուլ» վանկարկումներով կոչ են անելով միանալ իրենց: 

Ուսանողներն այսօր՝ նոյեմբերի 10-ին հանդիպեցին ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի հետ, ով նշեց, որ պետք է վերանայել ու բարեփոխումներ անել կրթական համակարգում:

Նրա կարծիքով՝ տարկետումն ամբողջությամբ վերացնել չի կարելի:

«Գործող օրենքի համաձայն՝ բոլորը ծառայում են, ես անուն առ անուն չգիտեմ, թե ովքեր չեն ծառայում, բայց տեսականորեն կարող են չծառայել 140 հոգին, եթե այդ 140 հոգին արական սեռի, զորակոչի տարիք առողջ երիտասարդներ են, եթե 140-ն էլ ժամանակին, սահմանված կարգով պաշտպանել են թեկնածուական ատենախոսությունը, եթե 140-ն աշխատում են ըստ մասնագիտության: Հիմա ինչո՞ւ են 140 վրա կենտրոնացել՝ ասում են, որ դրանից օգտվում են պարտադիր զինծառայությունից խուսափողներ: Ես սա չեմ վիճարկում, համոզված եմ՝ կան դեպքեր, որ այդպես է»,- ասաց Վահրամ Դումանյանը:

Անդրադառնալով ուսանողների ազատությանը՝ դեկանն ընդգծեց, որ համալսարանի ամենամեծ հարստությունն ազատությունն է. «Սա մեր ամենամեծ ձեռքբերումն է, որ օրը մենք այս արժեքը կորցրինք, պետք է համալսարանի անունը փոխենք ու դնենք հիմնարկ: Առայժմ մենք համալսարան ենք և ամեն գնով պետք է պաշտպանենք բազմակարծությունն ու ազատությունը»,- ասաց նա:

Նշենք, որ «Հանուն գիտության զարգացման» ֆեյսբուքյան խմբում տեղեկացրել են, որ այսօր ժամը 17:00-ին ուսանողները շարժվելու են դեպի Ազգային ժողովի շենք: Հայտարարել են՝ այսօր լինելու է «հիպերդասադուլ»:

Հիշեցնենք` երեկ՝ նոյեմբերի 9-ին, տարկետման սահմանափակումների դեմ բողոքող ուսանողների 5 ներկայացուցիչներ հանդիպել էին վարչապետ Կարեն Կարապետյանին, հանդիպմանը ներկա էին նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Հանդիպումից հետո ուսանողների ներկայացուցիչները հայտարարել էին, որ համաձայնության չեն եկել և շարունակելու են պայքարը: