Ժամանակակից հայկական հեռուստատեսության խնդիրների, ապագա ծրագրերի, ձեռքբերումների և բացթողումների մասին զրուցել ենք USARMENIA հեռուստատեսության պրոդյուսեր Գեղամ Մարգարյանի հետ:
Զրույցը սկսվեց առանց պաթետիկ նախաբանի, պարզ և հանգիստ, անմիջական ու մտերմիկ՝ Գեղամ Մարգարյանի աշխատասենյակում: -
2006 թվականից, երբ սկսվեց իմ ակտիվ համագործակցությունը Արմենիա Հ.Տ.-ի հետ, կարելի է ճակատագրական ժամանակաշրջան կոչել հայկական հեռուստատեսության համար, քանզի հենց այդ ժամանակ սկսվեցին լայնամասշտաբ՝ նոր պրոդուկտներ ստեղծվել, սկսած հեռուստասերիալներից, վերջացրած comedy շոուներով:
-Այս տարիների ընթացքում արված նախագծերից կարո՞ղ եք առանձնացնել մեկը, որը փոխեց հեռուստատեսային շուկան:
- Գիտեք, միանշանակ բարդ է պատասխանել այդ հարցին, բայց իմ տեսանկյունից կառանձնացնեմ «Դժբախտ Երջանկություն» հեռուստասերիալը, որն իրական ֆուրոր էր: Նախագծում ներգրաված պրոֆեսիոնալ թիմն օր ու գիշեր քննարկում էր ամեն մի մանրուք մինչև նկարահանման հրապարակ դուրս գալը: Մենք կարողացանք այնպիսի մոտեցում ցույց տալ, որ առաջին իսկ դրվագից հետաքրքրություն առաջացրինք հեռուստադիտողի մոտ: Հենց այդ սերիալով մենք Հայաստանում ժամանակակից հայկական սերիալ հասկացողության հիմքը դրեցինք: Այնուհետև մեկը մեկի հետևից գրանդեոզ նախագծեր ու շոուներ սկսեցին բարձրանալ հեռուստաեթեր: ԴԻԼ կամ ՆՈ ԴԻԼ, Ֆորտ Բոյար, այս համաշխարհային շոուների անուններն արդեն իսկ խոսում է այն մասին, որ մենք կարողացանք մեգանախագծեր կյանքի կոչել:
-Թեպետ, երբեմն բացասական կարծիքներ են հնչում հեռուստասերիալների հասցեին, բայց, այնուամենայնիվ, դրանք կան ու շարունակում են լինել՝ պահպանելով բարձր վարկանիշ:Ո՞րն է ֆենոմենը:
-Գիտեք, սա շատ բարդ հարց է: Փաստն այն է, որ բարձր վարկանիշ կա, իսկ եթե մարդիկ դիտում են՝ պահանջարկը կա: Մենք այն դարում ենք ապրում, որ մարդուն չես կարող հրամցնել մի բան, որ նա չի ուզում: Մենք տեղեկատվական այնպիսի շրջանում ենք ապրում, որ յուրաքանչյուր ոք կարող է գտնել և դիտել այն, ինչ ցանկանում է: Մի փաստի մասին խոսեմ բավարար է. նկատե՞լ եք, որ անգամ համացանցում տեղադրված սերիալների վարկանիշը գերազանցում է մի քանի հարյուր հազարը: Այսինքն, մարդիկ հեռուստացույցով դիտելուց հետո, փնտրում և դիտում են համացանցում: Էլ ի՞նչ ապացույց է պետք, որ պահանջարկ կա:
-Եթերում աննախադեպ բարձր վարկանշով շարունակում է մնալ «Մեղրամիս» հեռուստասերիալը: Ես հիշում եմ, թե ինչպես էիք ժամանակին հեռուստատեսության միջանցքում խոսում դեռևս ձևավորվող նախագծի մասին, իսկ հիմա այն կայացած պրոդուկտ է...
-Այո, զարմանում եմ, որ նկատել եք: Եթե այսպես շարունակվի, այն ունի բոլոր շանսերը կրկնելու դարձյալ մեր հեղինակած բոլոր ժամանակների ամենավարկանիշային հեռուստասերիալի՝ «Վերադարձ»-ի ռեկորդը: Շնորհակալություն, որ հիշեցիք: Գիտեք, մինչև մի բան սկսելը պիտի զգաս, պատկերացնես... Դա է հաջողության տանող ճանապարհը: Երբ արդեն ձևավորվեց նախագծի կոնցեպտը ես մեկնեցի Երևան, որտեղ անհապաղ կազմակերպեցի բոլոր անհրաժեշտ գործողությունները: Ի սկզբանե որոշել էինք, որ նախագծում ներգրավված են լինելու ոլորտի լավագույն մասնագետները, դերասանները, սցենարիստները: Այդպես էլ եղավ, ու լավագույնների համախմբումը հանգեցրեց «Մեղրամիս» հեռուստասերիալի կայացմանը:
-Դուք նաև աչքի եք ընկնում մի շարք համերգային ծրագրերի կազմակերպմամբ: Մի փոքր կբացե՞ք փակագծերը:
- Այո՛, սիրով: Հեռուստատեսությունը միայն սերիալ, լրատվություն և գովազդ չէ, այլ նաև երաժշտական շոու պարունակող տարր: Մանավանդ սփյուռքում հայկական էստրադայի սիրված երգիչների ներկայությունը միշտ ցանկալի է: Դա է պատճառը, որ որպես պրոդյուսեր սկսեցի կազմակերպել բազում համերգներ ամենասիրված համերգասրահներում: Շատ երգիչների մենահամերգներ եմ կազմակերպել՝ Թաթա Սիմոնյան, Արմենչիկ, Ռազմիկ Ամյան, Մարտին Մկրտչյան, Գրիգորի Եսայան, ռուսական էստրադայի տեսանկյունից մեծ ցնծությամբ ընդունվեց Վալերի Մելաձեի բացառիկ մենահամերգը: Կարևորը մեր հայրենակիցները բարձր են գնահատում մեր ջանքերը, իսկ մնացածը երկրորդական է:
-Վերջում կցանկանայի խոսել գովազդային դաշտի մասին: Ի՞նչ վիճակ է տիրում:
- Ձեր կարճ և անկեղծ հարցին փորձեմ պատասխանել հակիրճ և պարզ: Հայկական հեռուստատեսության այս դաշտը, իր լավագույն ժամանակները չի ապրում: