«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Այսօր մեկնարկող քառօրյայի ընթացքում Հայաստանի խորհրդարանը կսկսի քննարկել եկող տարվա պետական բյուջեի նախագիծը: Ու պետք է նկատենք, որ 2018 թվականը կլինի երրորդ անընդմեջ տարին, երբ Հայաստանի իշխանությունները թոշակների՝ անգամ չնչին բարձրացում չեն նախատեսում: Թոշակների վերջին բարձրացումը տեղի է ունեցել 2015 թվականին. բյուջեի այդ տարվա նախագիծը 2014-ի աշնանը խորհրդարանին ներկայացրել էր նոր վարչապետ դարձած Հովիկ Աբրահամյանը: Սակայն Աբրահամյանի վարչապետության երկրորդ տարվա՝ 2016 թվականի պետական բյուջեի օրենքով այլեւս թոշակների բարձրացում չնախատեսվեց:
Հաջորդ տարվա՝ 2017-ի պետական բյուջեի օրենքով, որը Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում առաջինն էր, նույնպես թոշակների բարձրացում չեղավ: Թոշակառուներին նման բախտ չի վիճակվի նաեւ հաջորդ տարի:
Համենայն դեպս, երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծում թոշակների բարձրացման մասին ոչ մի խոսք չկա: Ու նկատենք՝ 2 կամ 3 հազար դրամ թոշակի բարձրացումով էլ թոշակառուի կենսամակարդը չի փոխվում, բայց այդ գումարով փոխհատուցվում է գնաճի հետեւանքով թոշակառուի ծախսերի ավելացումը: Իսկ այս տարիներին գնաճը շարունակել է իր հաղթարշավը՝ տարեկան միջինը 3-4 տոկոսի սահմաններում: Արդյունքում երբ գները գնալով բարձրացել են, երկրի՝ կես միլիոնից ավել թոշակառուները էլ ավելի են աղքատացել: Իսկ կառավարությունը շարունակում է ոսկե սարերի տեսքով ներդրումների մասին հեքիաթներով հանրությանը կերակրել»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: