«Կենսաթոշակների տրամադրաման ժամանակ մարդկանց պարտադրում են գումար տալ, ատկատներ են այս դաշտում գործում: Արդյոք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերջին շրջանում նման դեպքեր բացահայտել է»,- այս մասին նոյեմբերի 14-ին ԱԺ-ում նախարար Արտեմ Ասատրյանին հարց ուղղեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: 

Նախարարը պատգամավորի  հարցին ի պատասխան նշեց, որ նրա նշած ռիսկերը նվազագույնի հասցնելու համար սոցաշխատանքի ոլորտում արվում է այնպես, որ աշխատակիցների և քաղաքացիների հնարավոր շփումները հասցվեն նվազագույնի, իսկ ընդհանրապես այդ շփումը բացառել հնարավոր չէ: «Իսկ այդ հարցի հասցեատերը իրավապահ մարմիններն են»,-ասաց Ասատրյանը:

Նախարարի պատասխանը չբավարարեց Փաշինյանին, վերջինս շարունակեց հարցապնդումը՝ հետաքրքվելով՝ նախարարությունն ի՞նչ  քայլերի է դիմում նպաստների ոլորտում առկա սև շրջանառությունը  կանխելու համար: 

Արտեմ Ասատրյանը հաստատեց, որ նախարարությունը նման ահազանգեր ստացել է. «Ահազանգեր կան և մենք իրականացնում ենք  պլանային ուսումնասիրություններ:  Ձեր նշած դեպքերի հետ կապված պետք է ասեմ, որ այն ժամանակ, երբ քաղաքացիներն ահազանգում են և մինչև վերջ չեն փոխում իրենց տեսակետը, մենք հաղորդում ենք տալիս այդ մասի իրավապահներին, ցավոք լինում են նաև դեպքեր, երբ ահազանգած քաղաքացին մինչև վերջ չի պնդում, որ սոցաշխատողի հետ ինչ-որ հարաբերություններրի մեջ է եղել»,- ըստ էության չբացառելով, որ թոշակների և նպաստների տրամադրման գործընթացն ուղեկցվում է կոռուպցիոն գործարքներով: