Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, արձագանքելով ադրբեջանական կազմակերպության նամակին, գրել է, որ Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքների իրականացումը չի օգնի խաղաղ գործընթացին: Մի քանի օր առաջ օդանավակայանի գործարկման հետ կապված մտահոգություն էր հայտնել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրը հայտնվել է իրարամերժ ինֆորմացիոն հոսքերի միջեւ: Հայ-ռուսական տիրույթում օդանավակայանի խնդիրը կարծես թե դրվում է գործարկման անվտանգության հետ կապված քննարկումների կտրվածքով, իսկ արեւմտյան տիրույթում օդանավակայանի գործարկումն ակնհայտորեն դիտվում է ժամանակավրեպ:
Մարտի 12-ին Մոսկվայում կայանալիք Պուտին-Սարգսյան հանդիպման ընթացքում Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրը հավանաբար կարող է լինել օրակարգում: Համենայն դեպս, դիտորդներից շատերը նշում են, որ հարցը լինելու է օրակարգային:
Ստեփանակերտի օդանավակայանը կարծես թե ավելի շատ ծառայելու է ոչ թե քաղաքացիներին, այլ աշխարհաքաղաքական զարգացումներին, կամ ավելի շուտ ռազմաքաղաքական զարգացումներին, վերածվելով ռազմական ավանտյուրայի կամ սադրանքի օբյեկտի:
Դրա պարագայում տարածաշրջանում բնականաբար առաջինը կհայտնվի Ռուսաստանի զինուժը, այն պարզ պատճառով, որ այդ զինուժն ամենամոտն է տարածաշրջանին՝ հենց տարածաշրջանում է, նաեւ ունի ռազմական դրությունն իր ձեռքը վերցնելու «իրավական» հիմքերը: Բավական է մի փոքր սադրանք, եւ ռուսական զինուժը հենց այստեղ է: Իհարկե, կա պրակտիկա, երբ այդ զինուժը հասել էր գրեթե մինչեւ Վրաստանի հարավային սահման, բայց հետո հետ վերադարձավ մինչեւ հյուսիսային սահման, բայց Արցախի դեպքում իրավիճակը երեւի թե այլ կլինի, եւ ռուսական զինուժն այնտեղից դուրս չի գա շատ երկար ժամանակ:
Արեւմուտքն ըստ ամենայնի հենց այդ հեռանկարից ելնելով է պարբերաբար անհանգստություն հայտնում Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման կապակցությամբ:
Հայաստանի իշխանությունը պետք է որ ունենա բավական ողջախոհություն, աշխարհքաղաքական ավանտյուրայի չտրվելու համար: Իհարկե, մի քիչ անհարմար բան է ստացվում՝ Սերժ Սարգսյանն ասել է, բայց չի թռչում, օդանավակայանը կառուցվել է, բայց չի աշխատում, այդուհանդերձ Արցախի եւ Հայաստանի խաղաղությունից ու ինքնիշխանությունից ավելի հարմար բան երեւի թե չկա, առավել եւս, որ վերսկսվելու դեպքում պատերազմը բոլորովին մերը չի լինելու, եւ հայկական կողմին շատ դժվար է լինելու լուծել իր համար անհրաժեշտ ռազմավարական խնդիրներ:
Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի համար խնդիրը միգուցե փոքր ինչ այլ է եւ դրված չէ Հայաստանին ամեն գնով արկածախնդրության մղելու եւ տարածաշրջանում ռուսական ռազմական դրություն հաստատելու խնդիր: Պարզապես, Ռուսաստանն ըստ երեւույթին մշակում է իր պահեստային տարբերակները տարածաշրջանային խաղի համար:
Մոսկվան տեսնում է, որ քաղաքական եւ տնտեսական տեխնոլոգիաների առումով ակհայտորեն հետ է մնում Արեւմուտքի թելադրած մրցակցությունից: Քաղաքացիական-հանրային տեխնոլոգիաների ոլորտը ընդհանրապես Ռուսաստանի համար անհայտ տիեզերք է: Արեւմուտքն իհարկե չի գնում կտրուկ կամ այսպես ասած ուխտադրուժ քայլերի, ամեն ինչ արվում է շատ ավելի բաց, եւ ըստ ամենայնի Մոսկվային հավաստիացումներ են տրվում, որ գործընթացը չի անցնի առանց կանոնների մարտի, կամ կանոնների կտրուկ փոփոխություններ չեն լինի, բայց Կրեմլն իհարկե փորձում է ապահովագրել իրենց անցանկալի կամ անկանխատեսելի շրջադարձերից: Այդ առումով, Ստեփանակերտի օդանավակայանը հանդիսանում է մի կետ, որտեղ կարելի է շատ արագ լարում առաջացնել եւ փոխել իրավիճակը տարածաշրջանում: