Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առավոտից՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց: Նրանք կենդանի պատ էին կազմել և փակել ԱԺ-ի` Դեմիրճյան փողոցի մուտքն՝ արգելելով մեքենաների մուտքն ու ելքը խորհրդարան: Այնուհետև շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտայի կողմից ԱԺ-ի մուտքի մոտ և փակեցին պողոտան:
Քիչ առաջ դասադուլավորների և ոստիկանության աշխատակիցների միջև քաշքշոց է սկսվել: Վերջիններս հրում էին ակցիայի մասնակիցներին՝ փորձելով բացել ճանապարհը:
Նշենք, որ ԱԺ-ի մոտ է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով բանակցություններ է վարում ուսանողների հետ:
«Մենք մտնում ենք ձեր դրության մեջ, հասկանում ենք ձեր խնդիրը, բայց դուք չարաշահում եք: Ես ձեզ 5 րոպե ժամանակ եմ տալիս, կողմնորոշվեք, ձեր արարքը տանում է բախման՝ ոստիկանության հետ: Դուք 7 օր շարունակ կոպիտ խախտել եք հավաքների ազատության մասին օրենքը»,- ասաց ոստիկանապետը:
Ուսանողները հակադարձեցին՝ ասելով, որ իրենց նպատակն ամենևին էլ բախումը չէ, այլ խաղաղ ճանապարհով հարցի լուծումը:
Նշենք, որ 5 ուսանողները դադարեցրեցին հացադուլը և միանում են իրենց ցուցարար ընկերներին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին դասադուլավոր ուսանողները հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանի, ՊՆախարար Վիգեն Սարգսյանի եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Կառավարությունում երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել: