Արդվի գյուղի բնակիչները շարունակում են դեմ արտահայտվել «Միռամ» ընկերության կողմից ներկայացված Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների ծրագրին՝ նշելով, որ թեև Շեկաղբյուրի հանքի ծրագրի մեկնարկը տրվելու է Մղարթում, սակայն այդ համայնքին ամենամոտը Արդվին է և, հետևաբար, ամենաշատ էկոլոգիական վնասը հենց այս համայնքն է կրելու. «Հանքարդյունաբերական գործունեության արդյունքում Արդվիի ջուրը, հողը, օդն ու արոտավայրերը կաղտոտվեն ծանր մետաղներով և տոքսիկ տարրերով: Համայնքում գյուղատնտեսությամբ զբաղվելը և ապրելը կդառնա ոչ նպատակահարմար: Կխախտվեն առողջ շրջակա միջավայրում ապրելու և առողջության մեր իրավունքները, որոնք մարդու հիմնարար իրավունքներն են: Մենք հայտարարում ենք, որ Արդվի գյուղի բնակիչներն իրենց համաձայնությունը չեն տալիս այս ծրագրի իրականացմանը: Արդվին պետք է մնա էկոլոգիապես մաքուր գյուղ»,-ասված է նրանց տարածած հայտարարության մեջ:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Արդվի համայնքի արդեն նախկին ղեկավար Սամվել Կիրակոսյանը նշեց, որ թեև ինքն արդեն Արդվիի գյուղապետ չէ՝ այն խոշորացվել է և միացել այլ համայնքի, այնուամենայնիվ, չի դադարելու իր գյուղացիների հետ պայքարել այս ծրագրի դեմ. «Ես այնտեղ եմ լինելու, որտեղ իմ ժողովուրդն է, և կապ չունի, որ արդեն հանձնել եմ համայնքի ղեկավարի կնիքը, իմ գյուղացիների հետ միասին եմ պայքարելու»:
Կիրակոսյանը չցանկացավ խոսել Շեկաղբյուրի հանքի շահագործման հետևանքով Արդվիին հասցվող հնարավոր էկոլոգիական վնասների մասին՝ ընդգծելով որ դրա մասին պետք է խոսեն հանքարդյունաբերության ոլորտի մասնագետները:
Հիշեցնենք, որ «Միռամ» ընկերության բաժնետերերից է Արայիկ Սամվելի Զադոյանը: Նրան է պատկանում բաժնեմասի 34 %-ը: Զադոյանը ՀՀԿ խմբակցության ղեկավար, վանաձորցի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին պատկանող «Վաբա» ՍՊԸ-ի տնօրենն է: Ընկերության մյուս բաժնետերն, ըստ մամուլի հրապարակումների, Անահիտ Դանիելյանն է ՝ Վահրամ Բաղդասարյանի եղբոր հարսը:
Այս ընկերությունը հայտ էր ներկայացնել ՀՀ բնապահանության նախարարություն՝ Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար: Հայտի հանրային 2 լսումները նշանակված էին հուլիսի 26-ին` Արդվիի համայնքապետարանում: Լսումները տեղի չունեցան, քանի որ Արդվիի բնակիչները փակեցին գյուղ տանող ճանապարհը և թույլ չտվեցին ընկերությանը՝ մտնել համայնք:
Նշենք նաև, որ ավելի վաղ՝ Արդվիի շուրջ ստեղծված աղմուկից հետո, և՛ Արայիկ Զադոյանը, և՛ Անահիտ Դանիելյանը հրաժարվել են իրենց բաժնեմասերից: