«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանում եթե նախկինում ուղեւորափոխադրման ոլորտը համարվում էր ամենաշահութաբերներից մեկը, ապա հատկապես միջքաղաքային առանձին ուղղություններ գնալով դառնում են վնասակար: Պատճառը միջքաղաքային ուղեւորափոխադրում իրականացնող տաքսիներ են, որոնք «խփում են» երթուղային միկրոավտոբուսների գործին:
Ընդ որում, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մարզերում միջքաղաքային տաքսիների բիզնեսը վերածվել է յուրատեսակ մենաշնորհի եւ պատկանում է քրեական, թաղային հեղինակություններին: Ասել է, թե օրինական գծատերերը ստիպված են պայքարել ինքնահռչակ գծատերերի հետ: Իսկ իշխանությունները՝ ի դեմս ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի, չի էլ փորձում կանոնակարգել ոլորտը: Արդյունքում, նրանց լուռ թողտվության պայմաններում երթուղային միկրոավտոբուսներով ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունները, որոնցից շատերը վարկերի տակ են, կա՛մ արդեն սնանկացել են, կա՛մ աշխատում են զրոյական շահույթով:
«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ Երեւան-Իջեւան, Երեւան-Նոյեմբերյան երթուղային ավտոբուսների գիծը չի գործում»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: